Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոնը
Հոկտեմբերի 18-28-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոնը։ Այս մասին հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց նախագծի հեղինակ, գրողի այրի Գրետա Վերդիյան-Այվազյանը։
«Այվազյանի 23 պիեսներից միայն 6-ն են բեմադրվել։ Այսօր դրամատուրգը լիարժեք գնահատված չէ։ Փառատոնի նպատակը դրա միջոցով ճանաչելիության մակարդակի բարձրացումն է, որպեսզի բոլորն իմանան, որ մենք նման գանձ ունենք»,-ասել է նա։
Նշենք, որ փառատոնին մասնակցելու են ոչ միայն մայրաքաղաքային, այլև մարզային թատերախմբերը։ Այվազյանի ստեղծագործության հիման վրա իր բեմադրությունը կներկայացնի նաև Թբիլիսիի թատրոններից մեկը։ Այսօրվա դրությամբ իր մասնակցությունն է հաստատել 18 թատրոն։ Կազմակերպիչները մասնակցելու կոչ են անում նաև ինքնագործ, ինչպես նաև ուսանողական թատերախմբերին։
Փառատոնի ժյուրիի կազմում են մշակութային այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Կարինե Խոդիկյանը, Դավիթ Մուրադյանը, Արմեն Վաթյանը և ուրիշներ։ Ժյուրին գլխավորում է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
Ավելացնենք, որ փառատոնի կազմակերպիչն է Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր-հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է մշակույթի նախարարությունը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ ֆինանսական աջակցություն կցուցաբերի նաև մասնավոր հատվածը։










