Hewlett-Packard-ը կրճատում է աշխատատեղերը
Առաջիկա երեք տարիներին Hewlett-Packard-ը (HP) նախատեսում է հրաժարվել 9 հազ. աշխատակցից, ինչն ընկերության ընդհանուր աշխատակազմի մոտ 3%-ն է։ HP-ում նախորդ հոկտեմբերին 304 հազ. մարդ էր աշխատում։ Այս կերպ անհատական համակարգիչների ու տպիչների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերությունում փորձում են խնայել միջոցները՝ տարեկան ծախսերը կրճատելով $500-700 մլն-ով։
Կրճատման ալիքը հարվածելու է ընկերության տեխնոլոգիական օղակին, որը ծառայություններ է մատուցում մասնավոր ընկերություններին։ Միևնույն ժամանակ, Hewlett-Packard-ում մտադիր են 6 հազ. նոր աշխատակցով համալրել պատրաստի արտադրանքի իրացման ու մատակարարման մասնաճյուղերը ողջ աշխարհով մեկ։ Բացի այդ՝ այս կերպ HP-ում հույս ունեն «դնել առաջիկա 10 տարիների զարգացման հիմքերը»։
Ընկերության ձեռնարկատիրության հարցերով փոխնախագահի կարծիքով՝ «քայլերը թույլ կտան ընկերությանն առաջ անցնել շուկայի զարգացման տեմպից»։
Նշենք, որ մինչև 2013-ը Hewlett-Packard-ը նախատեսում է տուգանքների ու լրացուցիչ այլ ծախսերի վճարմանը $1 մլրդ հատկացնել։ Գումարի մոտ կեսը բաժին է ընկնում ընթացիկ եռամսյակին։










