Փոլ Մակ-Քարթնին և Օբաման «Միշել» են երգել Միշելի համար

15:12 • 03.06.10

The Beatles-ի նախկին անդամն սըր Փոլ Մակ–Քարթնիին շնորհվել է Գերշվին եղբայրների մրցանակ։ Այն շնորհում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը փոփ երաժշտության ասպարեզում ներդրած ավանդի համար։ Հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման, տեղի է ունեցել հունիսի 2-ին Սպիտակ տանը։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, արարողությունը սահուն վերածվել է համերգի, որի ընթացքում հայտնի երաժիշտները կատարել են Մակ–Քարթնիի ստեղծագործությունները։ Մասնավորապես, Սթիվի Ուանդերը կատարել է We Can Work It Out-ը, Jonas Brothers խումբը՝ Drive My Car, Ֆեյթ Հիլը՝ The Long and Winding Road երգերը և այլն։
Այնուհետև բեմ է բարձրացել կենդանի լեգենդ Փոլ Մակ–Քարթնին և իր խմբի հետ երգել ստեղծագործություններ բիթլզյան հիթերից։ Michelle սիրային բալլադը նա հասցեագրել է ուղղակիորեն ԱՄՆ առաջին տիկնոջը՝ նախապես ներողություն հայցելով Բարաք Օբամայից։ Օբաման նույնպես միացել է լեգենդար բիթլի կատարմանը։
Վերջում սըր Փոլը կատակել է՝ առաջարկելով նման համերգներ հաճախակի կազմակերպել Սպիտակ տանը. «Մենք կարող ենք ելույթ ունենալ ձեզ մոտ լանչի ժամանակ։ Շատ գումար չենք վերցնի»,- ասել է նա։

Նշենք, որ Ջորջ և Այրա Գերշվինների մրցանակը սահմանվել է 2007թ.։ Առաջին դափնեկիրը Փոլ Սայմոնն էր, երկրորդը՝ Սթիվի Ուանդերը։