Հայաստանում մսամթերքին և զովացուցիչ հյութերին ավելացնում են բենզոնատ, որը վաղուց արգելված է աշխարհում
Մսամթերք և զովացուցիչ հյութեր արտադրող հայաստանյան ընկերություններն արտադրանքի պիտանելության ժամկետը երկարացնելու նպատակով օգտագործում են նատրիումի բենզոնատ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների ասոցիացիայի փորձագետ Միլետա Արիստակեսյանը՝ հիշեցնելով, որ այդ հավելումը վտանգավոր է մարդկանց առողջության համար։
«Բազմիցս բարձրացրել են այդ հարցը, արդեն պատրաստվում ենք դիմել կառավարությանը՝ այդ հավելանյութի օգտագործումն արգելելու համար։
Եվրոպայում և Ռուսաստանում վաղուց արգելել են դրա օգտագործումը»,- ասաց նա։
Նույն ասոցիացիայի փորձագետ Լևոն Աճեմյանն էլ հիշեցրեց, որ նատրիումի բենզոնատն աշխարհում արգելված 4-5 հավելանյութերի շարքին է դասվում։ Այն, ըստ մասնագետի, շատ վտանգավոր նյութ է և օրգանիզմում միանալով C վիտամինին՝ առաջացնում է բենզոլ, որը քաղցկեղածին է։
Ասպարտամը, որը ներկայումս կիրառվում է 6 հազար անուն սննդամթերքում, դեղամիջոցներում և գազավորված ըմպելիքում, նույնպես դասվում է վտանգավոր հավելումների շարքին։
«Ասպարտամը 30 աստիճան տաքության պայմաններում վերածվում է շատ թունավոր նյութի»,- ասաց Աճեմյանը։










