Հայաստանում թունաքիմիկատներով հարուստ բանջարեղեն է սպառվում. փորձագետ

13:51 • 04.06.10

Սպառողների ասոցիացիայի փորձագետները լաբորատոր ուսումնասիրության են ենթարկել Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք ջերմատներում աճեցվող բանջարեղենը և մտահոգիչ արդյունքներ ստացել։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ասոցիացիայի փորձագետ Լևոն Աճեմյանը, պարզվել է, որ դրանցում թունաքիմիկատների պարունակությունը սահմանային թույլատրելի նորմայից բարձր է։

«Բոլոր ջերմատներում նույն խնդիրը կա, իրավիճակը չի վերահսկվում։ Շատ հաճախ սրսկումներ կատարելուց հետո հաջորդ օրը բանջարեղենը հայտնվում է շուկայում, այնինչ թույնի ազդեցությունն անցնելու համար պահանջվում է 3-7 օր։ Թունաքիմիկատները ներթափանցում են մարդկանց օրգանիզմ և օրգանիզմում տեղաշարժվելով՝ ներծծվում արյան մեջ, ժամանակի ընթացքում ախտահարում և' լյարդը, և' երիկամները, և' սիրտը»,- ասաց մասնագետը։

Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ստորագրել է գյուղատնտեսության մասին համաձայնագիր, որով պարտավորվել է երկրում ապահովել սննդամթեքի անվտանգությունը։ Մրգերի և բանջարեղենի անվտանգության հարցերը պետք է կանոնակարգվեն ՀՀ կառավարության տեխնիկական կանոնակարգով, որի պահանջները ենթակա են պարտադիր կատարման։ Սակայն Հայաստանում, ըստ մասնագետի, պահանջները չեն կատարվում, վերահսկողություն չի սահմանվում։

Փորձագետ Միլետա Արիստակեսյանն էլ նշեց, որ հայկական շուկայում այսօր վաճառվում է ներկրված միրգ և բանջարեղեն, որոնք տրանսգեն սորտեր են և վնասակար են մարդկանց առողջության համար։

«Սահմանն անցկացնելիս պետք է գրվի, որ այդ միրգն ու բանջարեղենը տրանսգեն սորտեր են, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն։ Հայաստանում լաբորատորիա չկա, որ կարողանան հետազոտել այդ սննդամթերքը»,- ասաց մասնագետը։