Ինքնասպանությունները արդյունք տվեցին. չինացիների աշխատավարձը կբարձրանա
Թայվանական Foxconn ընկերությունը, որը զբաղվում է Apple ապրանքանիշի արտադրությամբ (այդ թվում՝ iPad և iPhone), որոշել է 70%–ով բարձրացնել Շենչժենի գործարանի աշխատակիցների աշխատավարձերը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տարվա սկզբից ընկերության աշխատակիցների ինքնասպանության արդեն 10-րդ դեպքն էր գրանցվել։ Այս մասին հայտնում է BBC News–ը։
Սպասվում է, որ հոկտեմբերի մեկից աշխատավարձերը կբարձրանան՝ 176–ից հասնելով 299 դոլարի։ Այդուհանդերձ, դրա համար անհրաժեշտ կլինի անցնել եռամսյա փորձաշրջան, որի ընթացքում ղեկավարությունը կգնահատի աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը։
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ընկերության չինաստանյան գործարաններում աշխատում է ավելի քան 800 հազար մարդ, իսկ Շենչժենի գործարանում՝ 400 հազար։
Apple–ի տնօրեն Սթիվ Ջոբսը, հունիսի 2–ին խոսելով Foxconn ընկերության գործարաններում ինքնասպանությունների մասին, ասել է, որ ԱՄՆ–ում այդ երևույթն ավելի հաճախակի բնույթ է կրում, քան այնտեղ՝ միաժամանակ խոստովանելով, որ ստեղծված իրավիճակը «բարդ է»։










