Ժպտացող մանուկներից մինչև աղոթող մարդիկ. Ճապոնացի լուսանկարչի ցուցահանդեսը Երևանում

15:57 • 07.06.10

Այսօր Նարեկացի արվեստի միությունում բացվեց ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիի աշխատանքների ցուցահանդեսը։ Լուսանկարիչը տարբեր տարիներին եղել է բազմաթիվ երկրներում՝ Չինաստանում, Տիբեթում, Հնդկաստանում, Դուբայում, Նեպալում, Պակիստանում, Բանգլադեշում, նաև Վրաստանում, Թուրքիայում, իսկ հիմա նա Հայաստանում է։ Այդ բազմաթիվ ճանապարհորդությունների արդյունքները նա այսօր ներկայացրեց երևանցիներին։

Ինչպես Tert.am–ի հետ զրույցում ասաց լուսանկարների հեղինակը, ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների գլխավոր թեման է գեղեցկությունը՝ տարբեր երկրների մանուկների ժպիտներից մինչև գեղեցիկ և տպավորիչ բնապատկերները։ Ճապոնացի լուսանկարչի աշխատանքներում առանձնահատուկ տեղ են գրավում լուսանկարները, որոնցում նա պատկերել է աղոթող մարդկանց։ «Ի~նչ ուժ և գեղեցկությունն է պարունակում աղոթքը», – նշեց նա։

Իմանիշին արդեն ութ տարի զբաղվում է լուսանկարչությամբ։ Դեռ ուսանողական տարիներին նա սկսել է հետաքրքրվել այս արվեստով, իսկ ավելի ուշ սկսել է իր ճանապարհորդությունը դեպի ասիական երկրներ։

Լուսանկարիչը նշեց, որ նա հատկապես երկար ժամանակ անցկացրել է Հնդկաստանում։ «Հնդկաստանը աղքատ երկիր է, սակայն այնտեղ ներկայացված է բազմապիսի մշակույթ և կրոն»,– պարզաբանեց նա՝ նշելով, որ այդ երկիրը բազմաբովանդակ է լուսանկարիչների համար։

Իմանիշին նպատակ ունի շարունակել համալրել ֆոտոշարքը։ Այսպիսով, Հայաստանից հետո նա կմեկնի Իրան, Եվրոպա, Հարավային Աֆրիկա և Հարավային Ամերիկա։ Խոսելով ծրագրերի մասին՝ լուսանկարիչը չբացառեց, որ մեկ տարի հետո իր աշխատանքները կցուցադրի նաև հայրենիքում՝ Ճապոնիայում։

Հավելենք, որ երևանյան ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 18–ը։