Վամպիրների մասին ֆիլմը կրկին արժանանում է MTV-ի 5 մրցանակին

18:58 • 07.06.10

Հունիսի 6–ին Լոս Անջելեսում անցկացված MTV Movie Awards 2010 մրցանակաբաշխությանը ստացած մրցանակների քանակով առաջատար է դարձել «Մթնշաղ» վամպիրական սագայի 2-րդ մասը՝ «Նորալուսինը»։

Կինոնկարը հաղթել է 5 անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, իսկ գլխավոր դերերում նկարահանված Քրիստիան Ստյուարտը և Ռոբերտ Փաթինսոնը՝ լավագույն դերասաններ։ Ընդ որում, վերջինս հաղթող է ճանաչվել նաև «համաշխարհային սուպերաստղ» անվանակարգում։ Բացի այդ, նրանք կիսել են «լավագույն համբույր էկրանի վրա» մրցանակը։ Մեկ տարի առաջ վամպիրական ավանդավեպի առաջին մասը նույնպես շահել էր MTV–ի 5 մրցանակ։

Լավագույն կատակերգական դերի համար MTV Movie Award մրցանակը շնորհվել է Զաք Գալիֆիանակիսին՝ «Տղաների խնջույքը Վեգասում» ֆիլմում մարմնավորած դերի համար։

Դրակո Մալֆոյի դերում «Հարրի Փոթերն ու կիսաազնվական արքայազնը» ֆիլմում նկարահանված Թոմ Ֆելթոնն արժանացել է «Չարագործ 2010» մրցանակին։

Կինեմատոգրաֆում նշանակալի կարիերայի համար շնորհվող MTV Generation Award հատուկ մրցանակին է արժանացել Սանդրա Բալլոկը։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։