Սուր շնչառական հիվանդություններն ավելացել են. Վարակաբան

15:06 • 07.06.10

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց, որ վերջին շրջանում Հայաստանում կտրուկ ավելացել է հարբուխով, գրիպանման հիվանդություններով բուժհիմնարկներ դիմողների թիվը։

«Վիրուսային հիվանդություն է սա, դրանից հետո բավական երկար ժամանակ քաղաքացիների մոտ մնում է հազ։ Սա, իհարկե, մահաբեր վարակ չէ, բայց անդուր ինֆեկցիա է»,- նշեց Ասոյանը՝ հույս հատնելով, որ շոգ եղանակը «այդ վիրուսի վերջը կտա»։

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե «խոզագրիպ» չի եղել և աժիոտաժն արհեստական էր՝ Ասոյանը նշեց. «ԱՀԿ որոշ հայտարարություններից այն ժամանակ էլ զարմանում էինք, որովհետև ստանում էինք իրարամերժ լուրեր։ Բայց ես վստահ կարող եմ հայտարարել՝ ինձ հետ աշխատած թիմը տեսել է այդ հիվանդությունը, տեսել է նրա բոլոր բարդ, չար, ես նունիսկ կասեի՝ դաժան կողմերը։ Այսինքն՝ այն, որ այդ հիվանությունը կար, միանշանակ է։ Այն, որ այդ հիվանդությունը բավականին ծանր ընթացք ունեցավ, դա էլ է միանշանակ»։

«Արհեստածին էր այդ վիրուսը, թե՞ ոչ» հարցին Ասոյանը պատասխանեց. «Որևէ մեկը կարո՞ղ է վստահ ասել։ Ձեր հարցը կամ իմ պատասխանը կնմանվի կոֆեի բաժակ նայելու, էլի։ Ես իմ մեջ ունեմ իմ կասկածները, ես շատ-շատ հարցեր ունեմ այդ հիվանդությանը։ Այստեղ բավական լուրջ և խորը մասնագիտական ուսումնասիրություն պետք է կատարել։ Բայց այն, որ այդ հիվանդությունը ոչ նորմալ, ոչ ստանդարտ ընթացք ունի, դա միանշանակ է»,- ասաց գլխավոր վարակաբանը։ Նա ևս մեկ անգամ հավաստեց, որ ձմռան ամիսներին Հայաստանում սուր շնչառական հիվանդություններից գրանցված մահվան դեպքերը «խոզագրիպի» հետևանք են եղել։

Ըստ Ասոյանի՝ այսօր Հայաստանում «խոզագրիպի» դեպք չկա։