Խոզագրիպի համաճարակ չի եղել. Այն հորինել են

12:50 • 07.06.10

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առողջապահության հարցերով հանձնաժողովը հրապարակել է զեկույց այսպես կոչված «խոզագրիպի» կամ H1N1 վիրուսի համաճարակի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է MIGnews–ը, եվրոպացի խորհրդարանականների եզրակացությունը սկանդալային է . «Առողջապահության համաշխարհային կազմակերպության, եվրոպական երկրների կառավարությունների և ԵՄ հաստատությունների մեղքով տեղի է ունեցել պետական միջոցների վատնում, իսկ մարդկանց անհիմն վախ են ներշնչել»,– ասվում է զեկույցում։

Կառավարությունների կողմից ձեռք բերված պատվաստաշիճուկի միլիոնավոր փաթեթներ ուղղակի չեն օգտագործվել, քանի որ համաճարակի մասշտաբներն այնքան մեծ չեն եղել, որքան ներկայացվում էին։ Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոզագրիպի գլոբալ համաճարակ էր հայտարարել, և բազմաթիվ երկրների կառավարություններ ստիպված էին եղել վիթխարի գումարներ ծախսել դրա դեմ պայքարելու համար։