Ամռանը օրական 4-5 բաժակ հեղուկ խմեք. խորհուրդ է տալիս վարակաբանը
Քանի որ ամռան սեզոնին բնորոշ են աղիքային վարակիչ հիվանդությունները, մարդիկ պետք է օրական առնվազն 4-5 բաժակ հեղուկ օգտագործեն։ Այսօրվա ասուլիսին նման խորհուրդ տվեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
Ըստ մասնագետի՝ շոգ եղանակին մարդկանց օրգանիզմը աղերի և հեղուկի պակաս է զգում։ Հետևաբար խորհուրդ է տրվում օրական պարտադիր 1-2 բաժակ հանքային ջուր խմել։ Մասնագետը խորհուրդ է տալիս նաև ամռանը շատ օգտագործել թան ու մածուն, որոնք պաշտպանում են օրգանիզմը։
Գլխավոր վարակաբանը բնակչությանը նաև խորհուրդ է տալիս չգնել փողոցում վաճառվող սննդամթերք, հատկապես զգույշ լինել արագ փչացող սննդամթերքից։
«Ոչ միայն պետք է գետնանցումներում վաճառվող սննդամթերքի նկատմամբ վերահսկողություն սահմանվի, այլև, ես բազմիցս ասել եմ, որ հենց սուպերմարկետներում վաճառվող գեղեցիկ տեսքով խմորեղենների որակը նույնպես պետք է հսկվի։ Որևէ մեկը չգիտե, թե ովքեր են պատրաստում այդ խմորեղենները։ Իսկ խմորեղեներից թունավորման դեպքեր շատ են գրանցվում»։
Ասոյանը նաև նշեց, որ չնայած մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել ամռանը, բայց Հայաստանում աղիքային վարակները գրանցվում են հիմնականում աշնան ամիսներին։ Հետևաբար նա բնակչությանը խորհուրդ տվեց զգոն լինել նաև աշնանը՝ հաշվի առնելով, որ այդ սեզոնին էլ են մեծ սպառում ունենում միրգն ու բանջարեղենը. Հարկավոր է դրանք օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրի տակ։










