Ի՞նչ պարտադիր մթերք պետք է օգտագործեն մարդիկ. խորհուրդներ մասնագետներից
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակիչները սահմանված նորմերից մոտ 9 անգամ պակաս են օգտագործում մսամթերք, մոտ 5 անգամ պակաս՝ ձկնամթերքը, 3,5 անգամ՝ կաթնամթերք, 2–3 անգամ՝ միրգ և բանջարեղեն։ Այսօրվա ասուլիսին այս մասին հայտարարեց Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ Նարինե Խաչատրյանը։
Մասնագետի տեղեկացմամբ, բնակչությունը բավարար քանակությամբ օգտագործում է հաց, հացամթերք, կարտոֆիլ։ Ինչ վերաբերում է մրգի և բանջարեղենի քիչ գործածմանը, մասնագետը բացատրեց, որ դա կապված է դրանց գների և բնակչության ֆինանսական հնարավորությունների անհամամասնության հետ։ Խաչատրյանի խոսքով՝ կաթի ու կաթնամթերքի օրական գործածման նորման 750 գրամ է, մինչդեռ բնակչությունը 3,5 անգամ քիչ է օգտագործում այդ մթերքները։
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն իր հերթին խորհուրդ տվեց օրական 400 գրամից ոչ պակաս միրգ և բանջարեղեն ուտել, անգամ ցանկալի է ավելի շատ ուտել։ Ըստ նրա՝ որքան էլ մեր ժողովրդի վճարունակությունը ցածր է, միրգն ու բանջարեղենը մատչելի են։ Նա կարևորեց նաև ձկնամթերքի օգտագործումը։
Նարինե Խաչատրյանն անդրադարձավ նաև այս օրերին քննարկվող վաղահաս մրգերի և բանջարեղենների մեջ եղած թունավոր նյութերի պարունակությանը՝ նախ նշելով, որ հարկավոր չէ շտապել՝ գնելով թանկ արժեցող վաղահաս մրգեր և բանջարեղեն, հետո մի շարք խորհուրդներ տվեց բանջարեղենի մեջ եղած նիտրատների քանակը նվազեցնելու համար։
Նարինե Խաչատրյանի խոսքով՝ մրգերի մեջ չկա նիտրատ. իսկ բանջարեղենի, օրինակ՝ վարունգի դեպքում, հարկավոր է ուտելուց առաջ լվանալ այն, կեղևազատել և կոթի մասը հաստ կտրել, քանի որ նիտրատը հենց այդ հատվածում է կուտակվում։ Նույնը պետք է անել ճակնդեղի և գազարի դեպքում։ «Այս ճանապարհով նիտրատների մոտ 3–25 տոկոս կորուստի ենք հասնում»,–հավելեց մասնագետը։
Տերևավոր բանջարեղենը, Խաչատրյանի խոսքով, պետք է լավ լվանալ՝ 5–10 րոպե թողնելով ջրում։ Որոշ մասնագետներ, ըստ Խաչատրյանի, անգամ խորհուրդ են տալիս կանաչեղենն ամբողջ օրը թողնել ջրում։
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարն էլ խորհուրդ տվեց. «Եթե պոմիդորի և ձմերուկի մեջ նկատում եք դեղին կամ կանաչ ջլեր, անմիջապես նետեք աղբանոց։ Ոչ լվացեք, ոչ եփեք, ոչ կերեք, որովհետև այդտեղ է նիտրատների կուտակումը»։










