Առողջ և երկար ապրելու գաղտնիքները բացահայտում են հայ մասնագետները
Հիգիենան ոչ թե մաքուր ձեռքերն են, մաքուր սենյակը կամ մաքուր սպասքը, այլ հիգիենան բժշկական գիտություն է մարդու առողջության մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ Նարինե Խաչատրյանը՝ անդրադառնալով առողջ սննդի, առողջ ապրելակերպի խնդիրներին։
Սննդի կուլտուրան, ըստ մասնագետի, լիարժեք սնվելու կանոնն է։ Նրա ներկայացմամբ, լիարժեք և առողջ սնունդի սկզբունքներից է, օրինակ, բալանսավորված սննդի ընդունումը, այսինքն՝ մարդը պետք է սնվի այնքան, որքան ֆիզիկական էներգիա է ծախսել։ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետը չգիրանալու համար խորհուրդ տվեց ընթրիքը կազմակերպել քնելուց 2–3 ժամ առաջ, սովորել նախաճաշել և ազատվել վատ սովորույթներից, ինչպիսին է, օրինակ, լարվածության ընթացքում շատ ուտելը։ Ի դեպ, մասնագետը խորհուրդ չի տալիս քաղցած չլինելու դեպքում ընկերակցել հյուրին։
Նարինե Խաչատրյանի խոսքով, օրվա ընթացքում կարելի է սնվել 3, 4, 5 և 6 անգամ, 5 և 6 անգամ սնվելը նախատեսված է երեխաների և տարեցների համար, իսկ չափահաս մարդիկ կարող են սնվել 3–4 անգամ։ Մասնագետը խորհուրդ տվեց նաև երբեք չընդունել շատ տաք կամ շատ սառը ուտելիք։
Առողջ և երկար ապրելու համար ասուլիսի մասնակից «Սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը վկայաբերեց գիտությանը հայտնի խորհուրդները, ըստ որոնց, երկար և առողջ ապրելու համար հարկավոր է հրաժարվել վատ սովորույթներից, պետք է ունենալ քնի, աշխատանքի և սնվելու ճիշտ ռեժիմ, պետք է խուսափել յուղալի և աղի ուտեստներից, և հարկավոր է գրքեր կարդալ՝ սնվելու գերին չդառնալու համար։
Արմեն Պողոսյանը նաև անդրադարձավ թուրքական ապրանքների անորակության մասին «մամուլի հեքիաթներին»՝ նշելով, որ ավելի թերի են հայկական ապրանքները, քան թուրքականը։ Ըստ նրա, թուրքական ապրանքներ պետք է չէ գնել ոչ թե նրա համար, որ դրանք թերի են, այլ որ թուրքական են։
Ինչ վերաբերվում է նիհարելու համար դիետա պահելուն, ապա երկու բանախոսներն էլ համոզված են՝ դիետան հիվանդ մարդկանց համար ստեղծված սննդակարգն է։ Ուստի հարկավոր է ճիշտ սնվել և օգտվել ուտելիքների բազմազանությունից։
Թե Նարինե Խաչատրյանը, թե Արմեն Պողոսյանը ընդգծեցին առողջ ապրելակերպի, առողջ սննդի բնագավառում պետական ծրագրի անհրաժեշտությունը։ «Մեր երկրում առողջ ապրելակերպի քարոզչության մեծ կարիք կա»,– հավելեց Արմեն Պողոսյանը։










