Google-ն ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին խնդրում է ճնշում գործադրել Չինաստանի վրա

18:41 • 10.06.10

Google ինտերնետ հսկան դիմել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կառավարություններին՝ խնդրելով ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ ինտերնետ գրաքննությունը վերացնելու համար։ Google-ի ներկայացուցիչների կարծիքով՝ դա ազատ առևտրի կանոնների խախտում է։ Այս մասին գրում է Associated Press-ը։

Ընկերության առաջատար փաստաբան Դևիդ Դրամմոնդը կարծիք է հայտնել, որ կառավարությունների բանակցությունները միակ հնարավորությունն է ազդել իրավիճակի վրա և վերացնել գրաքննությունը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Պեկինի գործողությունները հատկապես անհարմար վիճակի մեջ են դնում անդրազգային կազմակերպություններին։

Ավելի վաղ Google-ն իր չինական Google.cn կայքի որոնողական հարցումները վերահասցեավորել էր Google.com.hk պորտալին այն պատճառով, որ Չինաստանը սահմանափակում է ինտերնետում խոսքի ազատությունը։ Մասնավորապես, ընկերությունը բողոքել է Facebook, YouTube, Google Docs և Blogger կայքերի արգելափակման կապակցությամբ։