Չպետք է ամբողջ գերդաստանը նստի երեխայի ուսերին. Հոգեբան

17:16 • 11.06.10

Հոգեբաններ Կարինե Նալչաջյանն ու Ռուբեն Պողոսյանն այսօր հրավիրած ասուլիսում խոսեցին քննական շրջանում դիմորդների մոտ ի հայտ եկող սթրեսային վիճակներից և դրա համար մեղադրեցին դիմորդների ծնողներին ու բարեկամներին։ «Սա մեր ազգային առաձնահատկությունն է։ Տպավորությունն այնպիսին է, թե ծնողներն իրենք են քննություն հանձնում, ամբողջ գերդաստանը նստում է երեխայի ուսերին։ Այդ իրավիճակում երեխան չգիտի՝ ինչպես տանի այդ բեռը»,- նկատեց Ռուբեն Պողոսյանը։

Նա անդրադարձավ նաև քննության պատճառով վերջերս գրանցված ինքնասպանության դեպքին՝ նշելով. «Դա խնդիր է, մենք պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, թե ինչպես պետք է կարողանան դիմակայել այդ կարգի դժվարություններին և նման վիճակներից դուրս գալ։ Պետք է քննասենյակներում հոգեբաններ լինեն, ովքեր կթուլացնեն լարվածությունը»։

Կարինե Նալչաջյանն էլ նշեց, որ վերջին շրջանում քննություն հանձնելը, բուհ ընդունվելը կարծես դառնում է գերխնդիր, գերնպատակ ոչ միայն դիմորդի, այլև նրա մտերիմների ու հարազատների համար։

«Իհարկե, կյանքի համար շատ կարևոր հարց է լուծվում, բայց կրքերն այնքան են բորբոքվում, այնքան մեծ նշանակություն են տալիս այդ հարցին, որ դիմորդի վրա գերպատասխանատվություն է ընկնում։ Նա արդեն պատասխանատու է դառնում ոչ միայն ինքն իր, իր ապագայի և նպատակների, այլև՝ բոլորի առաջ։ Այդ գերպատասխանատվությունը կրելը հաճախ դառնում է շատ ծանր։ Ինձ հայտնի են դեպքեր, երբ մինչքննական նևրոզների հետ ենք գործ ունենում։ Խաթարվում է ամբողջ հոգեկան կյանքը, քունն է խաթարվում, մտածողության որակներն են խաթարվում, որովհետև առաջանում է, այսպես կոչված, գերմոտիվացիա։ Իսկ եթե ինչ-որ բանի նկատմամբ գերմոտիվացիա է առաջանում, գործունեությունը կարող է կազմալուծվել, այսինքն՝ նույն այդ պարապունքները կարող են դառնալ անարդյունավետ»,- բացատրեց հոգեբանը։

Գերպատասխանատվությունը, ըստ նրա, այդ փխրուն տարիքում կարող է խնդիրներ առաջացնել։

Հեգեբանները դիմորդներին խորհուրդ են տալիս՝ պետք է կյանքում տարբեր նպատակներ ունենալ և չընկճվել պարտությունից. «Դիմորդը պետք է գիտակցի, որ ամբողջ կյանքն է քննություն, և անընդհատ պետք է դժվարություններ հաղթահարել, սթրեսը մշտապես մեզ ուղեկցում է»։ Քննությունից մեկ օր առաջ դիմորդին խորհուրդ է տրվում դուրս գալ զբոսանքի, լսել ջազ, մոռանալ ամեն ինչի մասին։ Դա նաև հետադարձ հիշողությունն է վերականգնում, ինչը շատ կարևոր է։

Իսկ հարազատներն, ըստ հոգեբանների, երեխային ճնշելու փոխարեն պետք է նրան բացատրեն, որ նպատակներին հասնելը կարելի է նաև հետաձգել։