Պրոֆեսիոնալը չի նայի աշխատավարձին. Ազգային պատկերասրահում գիտաշխատողը ստանում է 55 հազար դրամ

13:15 • 11.06.10

Հայկական բուհերի շրջանավարտ արվեստաբանների 90 տոկոսի կրթվածության մակարդակը շատ ցածր է։ Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։

«Պատկերասրահում աշխատելու համար մենք ընտրում ենք լավագույններին։ Ես ինքս եմ ստուգում նրանց գիտելիքները»,- ասաց պատկերասրահի տնօրենը՝ նշելով, որ նոր կադրերին պատկերասրահն ուղարկում է վերապատրաստման տարբեր երկրներ։

Միրզոյանը նաև նշեց, որ այսօրվա դրությամբ պատկերասրահին անհրաժեշտ են մասնագետներ քանդակի և եվրոպական արվեստի գծով։

«Վերջին տարիներին պատկերասրահը կադրային առումով երիտասարդացել է։ 50 տարի առաջ աշխատողների տեսքն ուրիշ էր»,- ասաց նա։ Միաժամանակ, պատասխանելով Tert.am-ի հարցին՝ Միրզոյանը հայտնեց, որ պատկերասրահի աշխատողների միջին տարիքը 45 տարեկան է։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև աշխատավարձի չափի մասին։ Այսպես, գիտաշխատողները ստանում են մոտ 55 հազար դրամ, վարչության պետերը՝ 80 հազար դրամ։ «Պրոֆեսիոնալ մարդը չի նայի աշխատավարձի չափին։ Նրա համար կարևոր է դառնալ մասնագետ»,- ասաց Միրզոյանը։