Հակերները կոտրել են iPad-ը. անձնական տեղեկություններն այլևս անձնական չեն
AT&T ընկերությունն iPad-ի անվտանգության համակարգում «ճեղք» է հայտնաբերել: Apple-ի սեփականատերերին համապատասխան ծանուցում է ուղարկվել էլփոստային հասցեների արտահոսքի մասին: Հակերների խումբը հայտարարել է, որ կարողացել է կոտրել «հեղինակային» անլար կապի միջոցով ցանցին միացած օգտագործողների պլանշետնիկը: Սակայն AT&T-ում ասել են, թե խնդիրն արդեն լուծված է:
Մինչդեռ Gawker հրատարակությունում հայտարարում են, թե հակերներին հաջողվել է ձեռք բերել iPad-ի 114 հազ. սեփականատերերի անձնական տեղեկությունները: Տուժողների թվին են պատկանում առաջատար ընկերությունների ղեկավարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ և քաղաքագետներ: Նախնական տվյալներով` հակերների ձեռքում են հայտնվել, մասնավորապես, New York Times Company, Dow Jones, Cond Nast, Viacom, Time Warner, News Corporation, HBO, Hearst ընկերությունների թոփ մենեջերների էլեկտրոնային հասցեները: Հակերները կոտրել են նաև B-1 խոշորագույն ռմբակոծիչների օդանավատորմի հրամանատար Ուիլյամ Էլդրիջի օգտահաշիվը:
iPad-ը կոտրող հակերների խումբն իրեն անվանել է Goatse Security: Խումբը Gawker ամսագրին է ուղարկել տուժող սարքերի մասին տեղեկություններ և այլևս կապի մեջ չի մտել: Ավելի վաղ նույն խանդավառ հակերները կարողացել էին կոտրել Firefox-ը և Safari-ն, ինչպես նաև Amazon ինտերնետ խանութների վարկանշային համակարգը:
Ի դեպ, օրերս Apple-ի տնօրեն Սթիվ Ջոբսն ասել է, որ երկու ամսվա ընթացքում վաճառվել է 2 մլն iPad: Նրա խոսքով՝ iPad-ի վաճառքների հաջողությունները տպավորիչ են` յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ աշխարհում վաճառվում է մեկ iPad: Նշենք, որ անցյալ շաբաթ Apple-ը հանրությանն էր ներկայացրել ևս մեկ նորույթ` iPhone 4: Այս մասին հաղորդում է «Կապիտալ» օրաթերթը։










