Վրացական իշխանությունները 26 հազար դոլար են տրամադրել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու համար

13:57 • 12.06.10

Վրաստանի մշակույթի հուշարձանների պահպանության և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պետական բյուջեից նույն նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը հատկացվել է 50 000 վրացական լարի (26790 ԱՄՆ դոլար)` Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար:

Վերականգման նախագծի փաթեթի նախապատրաստումը կսկսվի 2010թ. հունիսի 15-ին, որին խորհրդատվության կարգով կմասնակցեն մասնագետներ նաև Հայաստանից։

Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356թ., վերակառուցվել է 1756թ., իսկ 1852-93թթ. մասնակի նորոգվել է: Մինչև 1980-ականների վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ականների սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով շարունակվել է քայքայվել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են։ Սբ. Գևորգը փլուզվեց 2009թ. նոյեմբերի 19-ին: