Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

16:35 • 12.06.10

Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը (ջութակ, թավջութակ մասնագիտություններով):

Մրցույթն անցկացվում է 2003թ-ից սկսած` «Արամ Խաչատրյան- 100» հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության ու Երևանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ: Մինչ այս, այն անցկացվել է երեք մասնագիտություններով` դաշնամուր, ջութակ, թավջութակ:

2011թ-ից մցրույթին կարող են մասնակցել նաև երիտասարդ կոմպոզիտորները: Մրցույթն այսուհետ անցկացվելու է ոչ թե մեկ, այլ միանգամից երկու մասնագիտությամբ: Այսպիսով, 2010թ. մրցույթին մասնակցելու են ջութակահարներն ու թավջութակահարները, իսկ 2011թ-ին` դաշնակահարներն ու կոմպոզիտորները:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը երեք փուլերից է բաղկացած։ Առաջին տեղի համար սահմանվել է 15 հազար ԱՄՆ դոլարի մրցանակ, երկրորդ տեղի համար՝ 10 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տեղի ` 5 հազար ԱՄՆ դոլար: Բացի այդ, հաղթողը հնարավորություն է ստանալու նույն բեմում ելույթ ունենալ Մարիինսկի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Մրցույթին մասնակցելու համար 59 հայտ է ներկայացվել 21 երկրներից, այդ թվում Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից: Երկրորդ փուլ է անցնելու 16 մասնակից` յուրաքանչյուր մասնագիտությունից ութական, իսկ երրորդ փուլ` 8 մասնակից. 4 ջութակահար, 4 թավջութակահար:

Մրցանակաբաշխությունն ու գալա համերգը տեղի կունենան հունիսի 14-ին, ժամը 19-ին։