Աշխարհի ամենահին կոշիկը կմնա Հայաստանի պատմության թանգարանում

14:17 • 14.06.10

3–4 օր հետո Հին աշխարհի՝ Եվրազիայի հնագույն կոշիկներից մեկը, եթե ոչ հնագույնը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Սակայն, ըստ նրա, Արենիի քարայրում պեղումների արդյունքում հայտնաբերված կոշիկի ամբողջական անալիզը դեռ առջևում է։ Ըստ նրա, անալիզի միջոցով պետք է որոշվի՝ կոշիկը հագե՞լ են թե ոչ, ինչ կա դրա ներսում և այլն։

Ավետիսյանը հավելեց, որ արշավախումբը պատմության թանգարանի հետ համաձայնություն է ձեռք բերել, ըստ որի, անհրաժեշտության դեպքում կոշիկը կտրամադրվի մասնագետներին անալիզ կատարելու նպատակով։ «Մենք դեռ չգիտենք՝ ինչպես պահել այդ կոշիկը. այն արդեն սկսել է չորանալ», – ասաց նա։

Նշենք, որ ուսումնասիրությունները և պեղումները կատարվել են իռլանդացի և ամերիկացի մասնագետների հետ համատեղ։ Ցանկացած համատեղ ծրագրերի իրականացման դեպքում, ՀՀ օրենքների համաձայն, մշակութային արժեք ներկայացնող ոչ մի նյութ, բացի նմուշից, Հայաստանից չի կարող դուրս գալ առանց հատուկ թույլատվության։ «Դա պետության սեփականությունն է։ Ըստ օրենքի՝ մենք պարտավոր ենք հանձնել նյութերը պետական թանգարան։ Բացի գիտական ինֆորմացիայից, առարկայական որևէ բան չի կարող Հայաստանից դուրս գալ, դա կնշանակի, որ մենք գողություն արեցինք», – ասաց նա։

Ինստիտուտի տնօրենը հիշեցրեց, որ Արենիի քարայրում պեղումներն սկսվել են դեռ 2007թ.։ Ըստ նրա՝ նմուշները հայտնաբերվել էին բացառիկ պահպանությամբ, դրան նպաստել է քարայրի միկրոկլիման և սնկային մնացորդների բացակայությունը։

Կոշիկը պեղվել է 2008թ., իսկ 2009թ. վերջերին մասնագետները հաստատեցին, որ
խոսքը 5500–6000 տարի պատմություն ունեցող արտեֆակտի մասին է։

«Կան հուշարձաններ, որտեղ գտել են նույն տարիքի ոտնամաններ։ Սա առաջին դեպքն է, երբ հենց ոտնամանն է թվագրված, այլ ոչ թե միջավայրը, որտեղ այն գտնվել է։ Այս դեպքում և՛ շերտն է թվագրված, և՛ կոշիկը։ Այս առումով այս կոշիկի տված տվյալը ամենաարժանահավատն է։ Այդ պատճառով աղմուկն ավելի մեծ է, քան մյուս դեպքերում», – պարզաբանեց մասնագետը։