Մի քանի դպրոցների տնօրենների գործեր դատախազություն են ուղարկվել
Պետք չէ շահարկել այն փաստը, որ դպրոցն էքստեռն կարգով քննություն հանձնելով ավարտած որոշ դիմորդներ, անտեսելով արգելքը, ինչ-որ կերպ հայտնվել են քննասենյակներում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա՝ Կրթության պետական տեսչությունը հսկայական աշխատանք է կատարել՝ ստուգելով հանրակրթական դպրոցների 10-11-րդ դասարաններում սովորողների գործերը։ Այս գործընթացն սկսվել է ընթացիկ տարվա փետրվարին և կտևի մինչև հուլիսի կեսեր։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ հաշվի առնելով աշխատանքների նման ծավալը՝ անհնար է, որ բացթողումներ չլինեն։ Նա նշեց, որ մինչև պետական քննությունները իրենք չեն հասցրել ամբողջացնել կատարված աշխատանքը, ինչի հետևանքով օրենքը խախտած շրջանավարտները հայտնվել են քննասենյակներում։
Հիշեցնենք, որ ստուգումների արդյունքում քննասենյակներից հեռացվել է 39 դիմորդ։ Այս դպրոցականները, խախտելով նախարարի հրամանը, էքստեռն կարգով քննությունների միջոցով 10-րդ դասարանից փոխադրվել էին 11-րդ դասարան։ Ըստ նախարարի՝ այս հարցը կլուծվի հօգուտ դպրոցականի, քանի որ նրանք, մեծ հաշվով, մեղավոր չեն. նրանց հնարավորություն կընձեռվի ստանալ միջնակարգ կրթություն։
Ինչ վերաբերում է դպրոցների տնօրեններին, որոնք խախտել են Աշոտյանի հրամանը, նրանք կպատժվեն աշխատանքային օրենսգրքի կետերին համապատասխան։ Նախարարը նաև հայտնել է, որ տվյալ պահին քննարկվում է նրանց հեռացման հարցը։ Բացի այդ, որոշ տնօրենների գործեր ուղարկվել են Գլխավոր դատախազություն։










