Դասագրքերը ակադեմիական ոճից դուրս կբերվեն
Հանրակրթական դպրոցների դասագրքերը գրված են ակադեմիական ոճով և պետք է մատչելի ու ընկալելի դարձվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տաթև» գիտակրթական համալիրի և «Զանգակ 98» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։
Ըստ բանախոսի՝ դասագրքերի հեղինակների մեծ մասն այսօր գիտնականներն են, որոնք էլ նյութը մատչելի չեն ներկայացնում։ «Տաթև» գիտակրթական համալիրը մշակում է չափորոշիչներ, որոնցով էլ պետք է առաջնորդվեն դասագրքերի հեղինակները։ Չափորոշիչներին հետևելը, ըստ Մկրտչյանի, պարտադիր չէ, սակայն դրանց չհետևող հեղինակների դասագրքերը չեն հրատարակվի։
«Մինչև օրս կրթության և գիտության նախարարության կողմից եղել են չափորոշիչներ, սակայն դրանք գնահատման չափորոշիչներ են։ Մենք մշակում ենք այն չափորոշիչները, որոնց հիման վրա պետք է դասագիրքը հրատարակվի։ Դա պետության խնդիրը չէ, հրատարակիչների խնդիրն է»,- ընդգծեց նա։
Բանախոսը վստահ է, որ իրենց չափորոշիչներով առաջնորդվելու դեպքում 2-3 տարի անց դասագրքերի որակը կբարելավվի, ակադեմիական ոճից անցում կկատարվի հանրամատչելի ոճի։ Չափորոշիչներն ունենալու են երեք հիմնական սկզբունք՝ բովանդակային, դիզայներական և սանիտարահիգիենիկ։ Նոր չափորոշիչները կտարածվեն 1-11-րդ դասարանների բոլոր առարկաների դասագրքերի վրա։
Անդադառնալով դասագրքերի որակին՝ բանախոսը նշեց. «Այսօրվա վիճակը գնահատում եմ բավարար, բայց բավարարը մեզ չի բավարարում»։ Ըստ Մկրտչյանի՝ որակի առումով վատ վիճակում են 5-6-րդ դասարանների «Տեխնոլոգիա», «Բնագիտություն» առարկաների դասագրքերը։ Համեմատաբար լավ վիճակում են, հայոց պատմության, քիմիայի, մայրենի լեզվի դասագրքերը։










