Հայոց լեզվի և գրականության քննության գնահատականները կբարձրացվեն
Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննությունը բարդ էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա՝ քննությունները բարդ էին, բայց բարդ էին բոլորի համար։ Աշոտյանն իր այս կարծիքը հիմնավորեց նրանով, որ մասնագետները մայրենի լեզվի հարցում շատ բծախնդիր են։
Հիշեցնենք, որ այս առարկայի քննությունը ձախողել է 1171 դիմորդ (10,89%)։ Ինչ վերաբերում է առավելագույն՝ 20 միավորին, ապա այդքան հավաքել է ընդամենը 2 դիմորդ. սա 6 անգամ պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։
Նախարարը տեղեկացրեց, որ այս կապակցությամբ Կրթության նախարարությունը որոշում է կայացրել բարձրացնել հայոց լեզվի և գրականության միասնական քննություններ հանձնած դիմորդների միավորները։ Միևնույն ժամանակ, նա դժվարացավ ասել, թե քանի միավորով կբարձրացվեն գնահատականները։ Նախատեսվում է, որ այն չի գերազանցի 3 միավորը։










