Խոսրովի արգելոցում դրա՞խտ են կառուցում

14:26 • 15.06.10

«Էկոլուր» հասարակական կազմակերպության անդամներն այցելել են Խոսրովի պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» արգելավայր և արձանագրել, որ այդտեղ ընթացող շինարարությունը նոր թափ է ստացել։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, իրենք փորձել են հետաքրքրվել, թե ինչ է կառուցվում տարածքում. «Մեզ ասացին՝ դրախտ ենք կառուցում, դրախտ»։

Ըստ բնապահպանի՝ արգելավայրը գտնվում է Խոսրովի արգելոցի կենտրոնում, հետևաբար շինարարական նյութերն այդտեղ են տեղափոխվում արգելոցի միջով, ինչը խաթարում է էկոհամակարգը։ «Մենք Խոսրովի արգելոցում հաշվագյուտ օձ նկատեցինք։ Շինարարությունը նրա ճանապարհի վրա էր կառուցվում։ Պարոն Աղասյան, ձեր սիրտը չի՞ ցավում այդ օձի համար»,- Զարաֆյանը հարցն ուղղեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանին։

Ի պատասխան՝ պաշտոնյան նշեց, որ «Գիլանում» բնապահպանական ծրագրի համաձայն զբոսաշրջիկների համար իջևանատուն է կառուցվում։ Դա, ըստ բանախոսի, էկոտուրիզմի զարգացման բաղկացուցիչներից մեկն է։ «Գիլանն ունի կանոնադրություն, եթե շինարարական աշխատանքները դրանից շեղվեն, մենք քայլեր կձեռնարկենք, ընդհուպ մինչև պայմանագրի լուծարում»,- հավատացրեց նա։ Բանախոսը նաև նշեց, որ ոչ կառույցը, ոչ էլ հողատարածքը կառուցապատողի սեփականությունը չեն համարվելու, շինարարության հեղինակն ընդամենը վարձակալական հիմունքներով է այդտեղ գործունեություն ծավալելու։

Այն հարցին, թե արդյո՞ք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նշված շինարարության տերը, Աղասյանը պատասխանեց. «Կա պայմանագիր, կա տնօրենի անուն, իսկ թե ով ում բարեկամն է, չգիտեմ»։

Աղասյանի խոսքով՝ դեռևս ԽՍՀՄ տարիներից Խոսրովի արգելոցի տարածքում շուրջ 20 տնային տնտեսություններ կան։ Այստեղ միշտ էլ եղել է արգելոցային ռեժիմը պահպանելու խնդիր։ Այդ տարածքի բնակիչները դիմել են երկրի ղեկավարությանը, որպեսզի իրենց բնակատեղին առանձնացվի և դուրս բերվի արգելոցի սահմաններինց։ Հետևաբար ծագել է Խոսրովի արգելոցի սահմանների ճշգրտման հարցը։

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը նույնպես փաստեց, որ Խոսրովում արգելոցային ռեժիմը խախտվում է։ «Զբոսաշրջիկները գալիս և տեսնում են, որ տարածքում կովեր են արածում, մարդիկ ու ավտոմեքենաներ կան։ Հարց են տալիս՝ սա՞ է արգելոցը»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է անհապաղ արգելոցի նոր քարտեզագրում կատարվի։

Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն էլ ողջունելի համարեց, որ էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ մեր երկրում քայլեր են ձեռնարկվում, սակայն նա թերահավատությամբ է վերաբերվում այս շինարարության բնապահպանական ուղղվածությանը։ «Ցավոք, մենք դեռ դրական փորձ չունենք, յուրաքանչյուր կանաչ տարածք բիզնեսի նպատակով է օգտագործվում։ Որտեղ շինարարը ոտք է դնում, կանաչ տարածքները մահանում են»,- ընդգծեց նա։

Դանիելյանը նաև չմոռացավ հիշեցնել, որ Խոսրովի պետական արգելոցում բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար որս են կատարում. «Կրակում են նաև ուղղաթիռից»։