Երևանը կհավաքի աշխարհի անվանի թատերագետներին

13:05 • 16.06.10

Այսօր Երևանում կմեկնարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի հերթական համաշխարհային համաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ։

Աշխարհի 30 երկրներից շուրջ 65 անվանի թատերագետներ և թատերական լրագրողներ ժամանել են Երևան ոչ միայն քննարկելու ժամանակակից համաշխարհային թատրոնին վերաբերող խնդիրները, այլև դիտելու Հայաստանի թատրոնների առավել հաջողված ներկայացումները:

Համաժողովի մասնակիցները կփորձեն գնահատական տալ հայ ժամանակակից թատերական գործընթացներին, ապա վերադառնալով յուրաքանչյուրը իր երկիր` հայ թատրոնին նվիրված վերլուծական հրապարակումներով հանդես կգան որևէ հայտնի հանդեսում կամ մամուլի էջերում: Հայաստանի թատերական գործիչների միությունը հետագայում նախատեսում է այդ հոդվածները հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով ի մի բերել և հրատարակել մի ընդհանուր ժողովածուով:

Հարկ է նշել, որ Հայաստանում նման հեղինակավոր միջոցառման անցկացումը աննախադեպ է և կամուրջ կարող է հանդիսանալ հայ ժամանակակից թատրոնի միջազգայնացման գործում:

Թատերական քննադատների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1956թ.: Այն միավորում է ավելի քան երկու հազար թատերական քննադատներ շուրջ հիսուն Ազգային կենտրոններից: ԹՔՄԱ-ի համաշխարհային համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։

Համաժողովը կտևի մինչև հունիսի 18–ը։