Զգուշացեք պաղպաղակից ու ձվերից. Նախազգուշացնում է սպառողների ասոցիացիան
Սպառողների ասոցիացիայի իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում վաճառվող սննդամթերքի և դեղորայքի 30 տոկոսն անորակ է։ «Հիմնականում պահպանման ժամկետներն են խախտվում։ Նշվում է՝ պահպանության ժամկետը 6 ամիս է, սակայն չի նշվում, թե որ օրվանից սկսված։ Սա քողարկված խաբեություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։
Բանախոսը վերստին անդրադարձավ ձվերի մակնշման խնդրին՝ կրկնելով նախկին ասուլիսներում հնչած բնորոշումը, թե «Հայաստանում մակնշված ձու միայն Սպառողների ասոցիացիայի չհրկիզվող պահարանում կա»։ Ըստ նրա՝ չի մակնշվում նաև Հայաստանում արտադրվող պաղպաղակի 90 տոկոսը։ Այնինչ պաղպաղակի սպառողը հիմնականում երեխաներն են։ Լցնովի պաղպաղակի սարքավորումները, ըստ Պողոսյանի, ընդհանրապես պետք է վերացվեն փողոցներից։
«Ցավոք, չլուծված հարց է փողոցային առևտուրը։ Տասնյակ տարիներ այս հարցը բարձրացրել ենք, բոլոր քաղաքապետերն ընտրվելու առաջին օրը խոստացել են արմատախիլ անել այս երևույթը, սակայն դրական քայլերը քիչ են։ Պարզ հարց եմ տալիս՝ այն մարդը, որը փողոցում ուտելիք է վաճառում, որտե՞ղ է լվացվում»,- նշեց բանախոսը։
Սպառողների իրավունքների պաշտպանը սպառողներին խորհուրդ է տալիս սննդամթերք գնելիս՝ անպայման ստուգել արտադրության ժամկետի մակնշումը։ Եթե այն բացակայում է, չպետք է այլևս օգտվել այդ ընկերության արտադրանքից։ «Չենք կարող բոլորին վերահսկել և պարտադրել, պարզապես սպառողը պետք է չգնի խախտում կատարած ընկերության արտադրանքը»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ դա լավագույն պատժամիջոցը կլինի։
Անդրադառնալով առողջ ապրելակերպի թեմային՝ Արմեն Պողոսյանն ազգաբնակչությանը խորհուրդ տվեց. «Որպեսզի մարդ առողջ և երկար ապրի, պետք է հրաժարվի վնասակար սովորույթներից, աշխատանքի, հանգստի և քնի ռեժիմ սահմանի, հրաժարվի յուղալի և աղի սննդամթերքից»։ Նա նաև հիշեցրեց, որ օրվա ընթացքում սննդակարգում պետք է ընդգրկել 400 գրամից ոչ պակաս միրգ և բանջարեղեն։










