Օգոստոսի 12-ին Սերժ Թանկյանը համերգ կտա Երևանում

12:01 • 17.06.10

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 12-ին կկայանա հռչակավոր ամերիկահայ ռոք երաժիշտ System of a Down ռոք խմբի նախկին մեներգիչ Սերժ Թանկյանի առաջին մենահամերգը Հայաստանում։

Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրին համերգի կազմակերպիչներ՝ Լոս Անջելեսի «Ֆյուջիթիվ ստուդիոս» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Գուբելյանը և «Դիմ քոմյունիքեյշընս» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, համերգն անցնելու է շքեղ լուսավորությամբ և ձայնային նորագույն սարքավորումներով։ Սերժ Թանկյանը հանդես կգա իր խմբի 6 երաժիշտների հետ։ Կնվագակցեն նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դասական երաժիշտները։

Կազմակերպիչները տեղեկացրին, որ Թանկյանի առաջին մենահամերգը կազմակերպելու համար շուրջ երկու տարի աշխատել են։ Ըստ նրա՝ Թանկյանը միշտ փափագել է մենահամերգով հանդես գալ Հայաստանում։ «Նա հայության մասին միշտ բարձր կարծիք է ունեցել և օտարների մոտ բարձր է ներկայացնում իր հայրենիքը»,- նշեց Գուբելյանը։ Կազմակերպիչները Թանկյանին առաջարկել են նաև հայերենով երգ կատարել, բայց քանի որ համերգային ծրագիրը վերջնականապես դեռ կազմված չէ, նրանք դժվարացան պնդել, որ այդ առաջարկը կկատարվի։

Կազմակերպիչները նաև նշեցին, որ Թանկյանը Հայաստանի համար համերգի տոմսի զեղչեր է արել։ Տոմսերը կվաճառվեն հուլիսի 1-ից և նախատեսվում է, որ դրանց արժեքը կտատանվի 4000-ից մինչև 45-50 հազարի սահմաններում։

Հայաստան այցելության ժամանակ Թանկյանը կհանդիպի նաև լրագրողներին։