Չկա հայերեն լեզվի սպառող՝ չկա հայ մարդ. Նվարդ Մանասյան

16:46 • 18.06.10

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության կազմակերպիչներն այսօր լրագրողներին հայտնեցին, որ իրենք շարունակելու են հանդես գալ մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով։

Նախաձեռնության անդամ Էդգար Առաքելյանն անդրադարձավ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ հունիսի 16-ին «Առավոտ» օրաթերթին տված օտարալեզու դպրոցների վերաբացման թեմայով հարցազրույցին և նշեց, որ Սահակյանի մոտեցումները խոսում են այն մասին, որ հասարակական ճնշման ներքո իշխանությունները նահանջում են։

«Մենք ողջունում ենք միջազգային դպրոցների մուտքը Հայաստան, սակայն անհրաժեշտ է, որ այդ դպրոցներում լինի երկու դասարան՝ հայերեն լեզվով դասավանդվող առարկաներ հայերի և այլ լեզվով՝ օտարների համար»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ նման քայլի դիմելու համար իշխանությունները բնավ էլ հարկադրված չեն լինի փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» և «հանրակրթության մասին» օրենքներում։

Նախաձեռնության անդամ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի դասախոս Նվարդ Մանասյանն իր հերթին նշեց, որ իշխանությունների վարած լեզվաքաղաքականությունը վտանգում է ազգային ինքնությունն ու անվտանգությունը։ «Որպես կանոն, երբ որևէ երկիր իր լեզվի մասին իրավական ակտում փոփոխություն է կատարում, դա անում է՝ ելնելով բացառապես մայրենի լեզուն զարգացնելու և ամրացնելու նկատառումներից։ Այն դեպքերը, որոնք արված են մայրենի լեզուն թուլացնելու համար, արվել են որևէ երկրի գաղութ հանդիսացող երկրում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան, երբ գաղութացրել էր Հնդկաստանը՝ իրականացնում էր անգլերենի տարածման ծրագիր»,- ասաց Մանասյանը՝ հավելելով, որ եթե չկա հայերեն լեզվի սպառող՝ չկա հայ մարդ։