Ռուսաստանահայ բարերարը Արցախում կրթամշակութային կենտրոն է բացել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում «Պարմանի» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Նա բարձր է գնահատել ռուսաստանաբնակ հայ բարերար Նարինե Դավթյանի հայրենանվեր այս ձեռնարկը` Արցախի համար անչափ կարևոր կենտրոնի կառուցումը, և հույս հայտնել, որ այն մեծապես կնպաստի մատաղ սերնդի դաստիարակության գործին:
Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարերար Լևոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև հյուրեր Ռուսաստանից: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։










