«Եվրատեսիլի» հաջորդ մասնակցին կընտրի Հանրային հեռուստառադիոընկերությունը
«Եվրատեսիլի» հաջորդ մրցույթում Հայաստանը ներկայացնողին կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության գեղարվեստական խորհուրդը, որից հետո կհայտարարվի երգի մրցույթ։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։
«Կարծում եմ, որ ճիշտ է՝ ով պատասխանատվություն է կրում մրցույթի արդյունքների համար, նա էլ պետք է որոշի, թե ով է ներկայանալու տարեցտարի ավելի մեծ հեղինակություն ձեռք բերող այդ մրցույթին։ Որքան էլ ասեն, որ դա շոու է և այլն, և այլն, փաստ է, որ ամբողջ Եվրոպան ուշադրությունը կենտրոնացնում է այդ մրցույթի վրա»,- ասաց Հարությունյանը։
Ըստ նրա՝ եթե ժյուրիի քվերակությունը չլիներ, Եվա Ռիվասի երգը, եթե ոչ առաջին, ապա բարձր տեղ կգրավեր։
Օգոստոսի վերջին կընտրվի մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցը։ Ըստ Հարությունյանի՝ հայտերն արդեն ընդունվել են, 30-ից ավելի երգ է հավաքվել։ Մրցույցը կկայանա նոյեմբերին Բելառուսում։










