Ռուս գործարարը մեկ միլիոն է վճարել՝ Լեդի Գագայի հոլովակում նկարահանվելու համար

12:45 • 19.06.10

Լեդի Գագան իր վերջին՝ «Ալեխանդրո» տեսահոլովակում նկարահանել է Արկադի անունով 30-ամյա ռուս գործարարի, որը 24-ամյա երգչուհու մոլի երկրպագուն է։

Սակայն տեսահոլովակում կաշվե կոստյումով և գլխարկով էսէսական ոճով հայտնվելու համար Արկադին վճարել է մոտ մեկ միլիոն դոլար։ Այս մասին գրում է ռուսական Life News-ը, որը, սակայն, գումարի մասին նշում է ոչ թե տեքստում, այլ նկարի վրա. «Գործարարը 1 մլն է վճարել աստղի հետ աշխատելու համար»։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 9 րոպեանոց «Ալեխանդրո» տեսահոլովակը հասարակության մեջ ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։ Հոլովակում երգչուհին հանդես է գալիս միանձնուհու հագուստով, կուլ է տալիս խաչը, խաչի վրա տարբեր դիրքեր է ընդունում։ Շատ քննադատներ նշում են, որ հոլովակը նմանեցված է Մադոննայի հայտնի հոլովակներին, մասնավորապես, Like a prayer-ին։

Այս ամենը, սակայն, չխանգարեցին, որպեսզի հոլովակը սուպերհիթ դառնա YouTube-ում։ Պրեմիերայի երկրորդ օրը հոլովակը դիտել էին ավելի քան յոթ միլիոն անգամ։