Անահիտ Բախշյանը հիասթափված է. Ինչո՞ւ չմենամարտեցին ԳԹԿ–ն և ԿԳՆ–ն

14:22 • 21.06.10

Այս տարի Գնահատման և թեստավորման կենտրոնը և Կրթության և գիտության նախարարությունը պետք է հասարակությանը ցույց տային իրենց անկախ գործունեության արդյունքը, նրանք պետք է քննադատեին միմյանց, ցույց տային միմյանց սխալները, որի արդյունքում կրթության որակը կբարձրանար։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով այս տարվա միասնական քննությունների ընթացքին և արդյունքներին։ Նրա խոսքով, անցած տարվանից ԿԳՆ–ն և ԳԹԿ–ն իրարից առանձնացան և, հետևաբար, հասարակությունը պետք է տեսներ նրանց առանձին գործունեության արդյունքը, մինչդեռ կրթության գիտության փոխնախարար «Մանուկ Մկրչտյանն իրեն պահեց որպես ԳԹԿ տնօրեն»։ Քննադատելով ԿԳ փոխնախարարի պահվածքը, միևնույն ժամանակ, Անահիտ Բախշյանը նշեց, որ վերջինս անկաշառ մարդ է։

«ԳԹԿ–ն պետք է, այսպես ասած, հարձակումներ գործեր Կրթության և գիտության նախարարության վրա, պիտի ասեր, որ «քո դասագրքերը, ծրագրերը, չափորոշիչները, ուսուցման մեթոդներդ, մանկավարժներդ, մի խոսքով, պիտի ասեր՝ ԿԳՆ, ուշքի՛ արի, սա է քո տված արդյունքը, լավ չի այս արդյունքը, ես վերլուծել եմ՝ դու պետք է գտնես կրթությանդ որակը բարձրացնելու բանալիները»։ Նախարարությունն էլ այսօր պետք է ասեր թեստավորման կենտրոնին՝ «տե՛ս, դու էլ թեստերդ լավ չես կազմել, թեստերի պահանջները չեն բխում պետական ծրագրերից և չափորոշիչներից»,– հայտարարեց Բախշյանը։

Պատասխանելով հարցին, թե կրթության որակի ցածր լինելու պատճառով ինքը կպահանջի ԿԳ նախարարի հրաժարականը, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Ուրեմն պետք է շատ հեռուն գնամ։ Կրթության և գիտության ներկայիս նախարարը վերջին շրջանի ԿԳ նախարարների մեջ իմ իմացած ամենասկզբունքայինն է։ Նա գոնե տեր է կանգնում իր բնագավառին և չնայած ճնշումներին՝ իր ասածը մինչև վերջ տանում է»։

Անահիտ Բախշյանը հիասթափված է. Ինչո՞ւ չմենամարտեցին ԳԹԿ–ն և ԿԳՆ–ն