Ձեր դուստրերին հակաքաղցկեղային պատվաստանյութ նվիրեք. Ուռուցքաբանի խորհուրդը

15:13 • 21.06.10

«Ցերվարեկս» կոչվող պատվաստանյութը կարող է 70-80 տոկոսով կանխարգելել կանանց մոտ հանդիպող արգանդի վզիկի քաղցկեղը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը։ Ըստ մասնագետի՝ հետազոտությունները ցույց են տվել, որ արգանդի վզիկի քաղցկեղով տառապող բոլոր կանանց մոտ առկա է եղել պապիլոմա վիրուսը։ Դա մասնագետներին հիմք է տվել եզրակացնելու, որ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառը հենց պապիլոման է։ «Խոսքը 100 տոկոս կանխարգելման մասին չէ, սակայն, եթե մինչև սեռական կյանքով ապրելը կինը պատվաստվի պապիլոմայի դեմ, հետագայում կկանխարգելի արգանդի վզիկի քաղցկեղը»,- ընդգծեց մասնագետը։

Այս վիրուսը տղամարդկանցից է փոխանցվում կանանց, սակայն բացասաբար է ազդում միայն կանանց առողջության վրա։

Ուռուցքաբանը կանանց խորհուրդ է տալիս նախքան ամուսնանալը 3 անգամ «Ցերվարեկս» պատվաստանյութով պատվաստվել։ Յուրաքանչյուր պատվաստման արժեքը մինչև 45 հազ. դրամ է։ Սա, ըստ Բազիկյանի, թանկ չէ։ «Շատերն ունեն այդ հնարավորությունը։ Եթե ծնողներն ուզում են իրենց աղջկան նվեր անել, թող նվիրեն այդ պատվաստանյութը»,- ասաց նա։

Բացի այդ, մասնագետները կանանց խորհուրդ են տալիս հետագա բարդություններից խուսափելու նպատակով տարեկան մեկ անգամ բուժզննման ենթարկվել։

Հայաստանում յուրաքանչյուր տարի արգանդի վզիկի քաղցկեղի 260-270 նոր դեպք է գրանցվում։ Կրծքագեղձի քաղցկեղից հետո սա կանանց մոտ հաճախ հանդիպող երկրորդ հիվանդությունն է։

Աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի կես միլիոն դեպք։
 

Ձեր դուստրերին հակաքաղցկեղային պատվաստանյութ նվիրեք. Ուռուցքաբանի խորհուրդը