Անբարոյականություն է, երբ թեստերը կազմողը հայտարարում է, թե դիմորդների հետ է պարապում. պատգամավոր
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս տարվա քննությունների ժամանակ տեղի ունեցած թեստերի արտահոսքին, պատահածը որակեց հանցագործություն։
«Այսպիսի հանցագործ վերաբերմունքը երեխաների գիտելիքների ստուգման գործընթացի նկատմամբ կբերի նրան, որ մեր այսօրվա կրթության որակն էլ կերազենք»,– ասաց Բախշյանը՝ ավելացնելով, որ մեղավորներին հարկավոր է պատժել։
«Այնքան ակնհայտ են մեղավորները և այնքան լուսավոր կետերում են, որ պետք չէ նրանց երկար փնտրել»,– մեղավորների վրա դատախազության ուշադրությունը հրավիրեց պատգամավորը։ Նա համոզմունք հայտնեց, որ նման մոտեցումը հանցագործություն է. «Ովքե՞ր են այն մարդիկ, որ չեն ուզում, որ մեր դպրոցները կայանան, որ մեր հանրակրթությունը կայանա, որ ԳԹԿ–ն ավելի վստահելի կառույց դառնա»։
Պատգամավորը պահանջում է փոխել թեստերը կազմող հեղինակների ընտրության սկզբունքը։ «Այն աստիճան անազնիվ ու պղտորված է մեր իրականությունը, որ չեն գտել երեք ազնիվ, հայերեն իմացող բանասեր, որ վստահեն իրար, որ ասեն՝ եկեք մեկդ մյուսի գրածը կարդացեք»,– նկատեց պատգամավորը։ Նա անբարոյականություն համարեց այն հանգամանքը, որ հայոց լեզու և գրականություն առարկայի թեստերը կազմողը հայտարարում է, թե դիմորդների հետ է պարապում։
Ասուլիսին ներկա էր նաև Անահիտ Բախշյանի նախկին աշխատավայրի՝ Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Գագիկ Թորոսյանը, որը մաթեմատրիկայի թեստերի վերաբերյալ իր գնահատականը ներկայացրեց հայտարարության տեսքով։
Մասնագետն ուսումնասիրել էր մաթեմատիկայի թեստերը և հաճելիորեն զարմացել, թե ի տարբերություն հայերենի, որքան բարեխիղճ են աշխատել այդ թեստերը կազմող հեղինակները։ «Առարկան ներկայացված էր իր ողջ ծավալով և գեղեցկությամբ։ Առաջարկում եմ հրապարակել հեղինակների անուններն ու պարգևատրել նրանց»,– ,մասնավորապես, առաջարկում է Գագիկ Թորոսյանը։










