Սերժ Ավեդիքյանի ֆիլմը՝ թուրքական կինոփառատոնում

17:53 • 22.06.10

Ստամբուլում այսօր մեկնարկել է վավերագրական ֆիլմերի 3–րդ ամենամյա միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում ցուցադրվելու է ավելի քան 120 կինոնկար 35 երկրներից։

Փառատոնին ներկայացված է նաև Կաննի կինոփառատոնում այս տարի «փոքր արմավենու» արժանացած՝ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շան պատմություն» անիմացիոն կինոնկարը։ Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։
Այս տարի վավերագրագետները կներկայացնեն ֆիլմերի լայն տեսականի ԱՄՆ–ից, Լիբանանից, Շվեդիայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Իրանից, Բալկաններից, Ֆրանսիայից և այլն։

Հիշեցնենք, որ ֆրանսահայ ռեժիսորի կինոնկարը, քննադատների կարծիքով, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հալածանքի ակնարկ է պարունակում։ Իրադարձությունները զարգանում են Օսմանյան Կայսրությունում։ Ստամբուլի 30 հազար շներին հավաքում են և ոչնչացման նպատակով տեղափոխում անմարդաբնակ կղզի։