Շիմպանզեները տարածքային պատերազմներ են մղում, նմանակում իրենց կուռքերին և ողբում ցեղակիցների մահը
Որձ շիմպանզեները սպանում են հարևան ցեղերի որձերին՝ ձգտելով ընդլայնել իրենց բնակության տարածքը։ Նման եզրահանգման են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով շիմպանզեների համայնքները բնական պայմաններում։ Այս մասին գրում է ScienceNOW-ն։
Գիտնականներին հատկապես հետաքրքրել են Ուգանդայի Քիբալե ազգային այգում Նգոգո խմբի շիմպանզեները (կապիկների ամենամեծ համայնքը), որոնք տարածքի համար մրցում են հարևան համայնքների կապիկների հետ։
Հետազոտողները պարզել են, որ Նգոգո խմբի մի քանի որձ «դիտորդներ» հետևում են մրցակից համայնքի միայնակ շիմպանզեներին, հարձակվում նրանց վրա և ծեծելով սպանում, նաև կծում։ Նգոգոյի զոհեր են դառնում ոչ միայն մեծ կապիկները, այլև ձագերը։
Բոլոր հարձակումները տեղի են ունենում Նգոգոյի տարածքի սահմանակից շրջաններում։ Ներկայում այդ խմբի շիմպանզեները կարողացել են զգալիորեն ընդլայնել իրենց բնակության տարածքը և վտարել այնտեղից մրցակիցներին։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ երբեմնի օտար հողերն այժմ Նգոգոն ընդունում է որպես սեփական՝ նշելով, որ շիմպանզեները սկսել են այդ տարածքներ տեղափոխել իրենց էգերին ու ձագերին։ Նախկինում նրանք վիճելի տարածք մտնում էին առանց «ընտանիքների»։
Վերջին շրջանում գիտնականները շիմպանզեների վարքագծում նկատել են բազմաթիվ այլ հատկություններ, որոնք հիշեցնում են մարդկանց վարքագծի առանձնահատկությունները։ Այսպես, այս կապիկները նմանակում են իրենց կուռքերին և ողբում ցեղակիցների մահը։










