Գերմանահայերը Սերժ Սարգսյանի առջև բարձրացրել են օտարալեզու դպրոցների հարցը
«Ամենից ավելի լավ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք կարճ ժամանակահատվածում բարձրացնել մեր բոլոր դպրոցների մակարդակը, որպեսզի այդ դպրոցներում մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Բայց դրա հետ զուգահեռ մենք ինչո՞ւ պիտի բացառենք միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի մասնավոր դպրոցների առկայությունը»,- երեկ Բեռլինում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցին, թե որքանով է նպատակահարմար Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ, եթե կարելի է բարձրացնել գործող դպրոցների մակարդակը:
Ըստ նրա՝ խոսքը մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որտեղ մի քանի առարկաների ուսուցումը, ինչպիսիք են հայոց պատմությունը, կրոնի պատմությունը և այլն, պարտադիր է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
«Բայց եթե այդ դպրոցներում ուսանեն Ռուսաստանի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի քաղաքացիներ, արդյո՞ք մենք կարող ենք նրանց պարտադրել, որպեսզի նրանք անցնեն, ենթադրենք, ֆիզիկան, քիմիան հայերենով: Դա անհնարին մի բան է, չէ՞. Երևանում գործում է Ամերիկյան համալսարանը, որտեղ ուսուցումն անգլերեն է, գործում է Հայ-ռուսական համալասարանը, որտեղ ուսուցումը ռուսերեն է, և դրանից Հայաստանին որևէ վնաս չի հասցվել: Խոսքը, նորից եմ ասում, մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որոնց պետական բյուջեից մեկ դրամ էլ չենք հատկացնելու»,– մեկնաբանել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ Հայաստանը կրթությանը հատկացնում էր Հայաստանի ՀՆԱ–ի մեկ տոկոսը: Այսօր արդեն, 2010թ, բյուջեով, կրթության ծախսերը մոտենում են չորս տոկոսի: «Սա մի քիչ ավելի է, քան մենք հատկացնում ենք մեր բանակին, և որքան մեծ լինի Հայաստանի ՀՆԱ-ն, բյուջեն, այնքան շատ գումարներ ենք կարողանալու հատկացնել մեր միջնակարգ կրթությանը … Խոսքը չի գնում հայոց լեզվի վրա ձեռք բարձրացնելու մասին: Այդպիսի բան չի լինի»,- ասել է Սերժ Սարգսյանը:










