Սևանա լճի մակարդակը բարձր է 67 սմ-ով

15:18 • 22.06.10

«Սևանի մասին» օրենքով նախատեսված է, որ մինչև 2030թ. Սևանա լճի մակարդակը պետք է հասցվի 1903,5 մ-ի։ Քանի որ ջրի մակարդակի բարձրացումը նախատեսվածից արագ է տեղի ունենում, մասնագետների գնահատականով, նշված ցուցանիշին հնարավոր է հասնել ավելի շուտ՝ 2029թ.։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը՝ հավելելով, որ լճի մակարդակի բարձրացումը հիմնավորված է և' գիտական, և' տնտեսական, և' լճի կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից։

Այսօրվա դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը կազմում է 1900,1 մ, ինչը 67 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։ Մովսիսյանի խոսքով՝ այս տարի տեղումների քանակը նորմայից շատ է եղել, այդ պատճառով էլ լճի մակարդակը նախատեսվածից շատ է բարձրացել։ Բացի այդ, այս տարվա 5 ամիսներին Արփա-Սևան թունելով լիճ է տեղափոխվել աննախադեպ ծավալի ջուր։ Մասնագետները, հաշվի առնելով գոլորշիացումներն ու ոռոգման նպատակով Սևանից բաց թողնվող ջրի ծավալը, կանխատեսում են, որ տարեվերջին արդեն Սևանի ջրի մակարդակը 20 սմ-ով պակաս կլինի այսօրվա ցուցանիշից։ Այս տարի ոռոգման նպատակով Սևանից բաց կթողնվի 144,5 մլն խմ ջուր՝ նախորդ տարվա 126 մլն խմ-ի փոխարեն։

Մովսիսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ ջուրը մաքուր լինի, «հակառակ դեպքում բարձրացումն անիմաստ կլինի»։

«1903,5 -ն իշխող նիշ է, և Սևանի ջուրը կօգտագործենք էլեկտրաէներգիայի արտադրության, խմելու, ոռոգման նպատակով»,- ասաց նա։