Աշոտյանը ձեռք չի տա օրենքին, եթե...

13:40 • 23.06.10

«Շատ է խոսվում, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխության անհրաժեշտություն չկա։ Ցավոք, որևէ մեկը գրավոր կամ բանավոր իրավական որևէ տեղեկանք կամ հիմնավորում չներկայացրեց։ Ես հավատացնում եմ, որ եթե կա նման լուծում, եթե կա փոքրիկ հնարավորություն, որը թույլ կտա ձեռք չտալ «Լեզվի մասին» օրենքին, և որը վրիպել է մեր աչքից, խնդրում եմ գրավոր ներկայացնել մեզ, և մենք ձեռք չենք տա լեզվի մասին օրենքին»,- այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման եզրափակիչ ելույթում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

Նախարարի խոսքով, ինքը նկատել է, որ որևէ խմբակցություն դեմ չարտահայտվեց միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցների ներդրման գաղափարին, ուստի ինքն առաջարկում է կողմ քվեարկել նախագծին առաջին ընթերցմամբ։

«1-2-րդ ընթերցման ժամանակ կա հնարավորություն, որպեսզի մենք կարողանանք աշխատել նախագծի վրա և հղկել բոլոր անհանգստացնող կետերը»,- ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ նախագծում կատարվել է խմբագրական փոփոխություն, որով նախկին 15 դպրոցների փոխարեն նախատեսվում է բացել 11 դպրոց, որոնցից 9-ը՝ միջկառավարական համաձայնագրերի համաձայն, որտեղ օտար լեզվով առարկաները կդասավանդվեն 9-րդ դասարանից, իսկ մյուս 2-ը կլինեն մասնավոր, որոնք կբացվեն Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում, որտեղ առարկաները օտար լեզվով կդասավանդվեն 7-րդ դասարանից։

Աշոտյանը խմբակցություններին առաջարկեց իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնել, քանի որ 1-2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսվում են փաթեթի կատարելագործմանն ուղղված լսումներ և քննարկումներ։

Աշոտյանը ձեռք չի տա օրենքին, եթե...