Միտումնավոր վնաս ԳԹԿ–ի՞ն. Թեստերի արտահոսքի հեղինակին դեռ չեն գտել
Դեռ մեկ ամիս առաջ Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ահազանգեց 9–րդ դասարանի քննական թեստերի արտահոսքի մասին։ Այսօր լրագրողները հետաքրքրվեցին ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանից, թե ի՞նչ առաջընթաց է արձանագրվել այս հարցում։
«Մենք ժամանակին ասել ենք դրա մասին, դիմել ենք քայլերի, մասնավորապես, Ազգային անվտանգությանը, և հետամուտ կլինենք։ Դա չպետք է անպատիժ թողնել, և եթե այդպիսի մարդ կա մեր կոլեկտիվում, որն ի վիճակի է այդպիսի քայլի դիմել, նա պետք է անպայման պատժվի», – ասաց նա։
Թեստերի արտահոսքը Խաչատրյանը բնորոշեց որպես «միտումնավոր վնաս ԳԹԿ–ին»։ Տնօրենը չի բացառում, որ նմանատիպ քայլի է դիմել կենտրոնի աշխատակազմի ներկայացուցիչը։ Հարցին՝ պարզվե՞լ է արդյոք այդ գործողությունների հեղինակը՝ Խաչատրյանը նշեց. «Ինչպես ասում են ռուսները՝ не пойман – не вор»։
ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ թեստերի արտահոսքի մասին ահազանգը ստացել են №114 դպրոցից։ Սակայն, ըստ նրա, նմանատիպ քայլերը կրում են մասսայական բնույթ։ «Շղթայական ռեակցիա է տեղի ունեցել, այդ թեստերը տարածվել են ամբողջ Երևանով», – եզրափակեց նա:










