Ո՞ւմ են պետք գիտելիքները, եթե հաղթում են փողն ու հաստավիզ բարեկամները. ՀՅԴ
«Հայաստանում գիտելիքը կամ պրոֆեսիոնալիզմը որևէ մեկին չի հետաքրքրում։ Հայաստանում հարգվում է այն մարդը, ով ունի լավ ծանոթ կամ գողական բարեկամ»,- ներկայացնելով «ՀՅԴ» խմբակցության տեսակետը՝ այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանում ասաց խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
«Լավ, ունեցանք դպրոց, և այն տվեց գիտելիքներ, որով երեխան կարող է ընդունվել Օքսֆորդ, Քեմբրիջ, Հարվարդ։ Հարց. որտե՞ղ է նա կիրառելու իր գիտելիքները, եթե Հայաստանում գիտելիքի պահանջ չկա։ Ենթադրենք Օքսֆորդում, Հարվարդում կամ Քեմբրիջում հաջողությունների հասնելուց հետո եկան Հայաստան և փորձեցին մասնակցել որևէ մրցույթի, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում մրցույթներում հաղթում են նրանք, ովքեր փող ունեն, ովքեր հաստավիզ բարեկամներ ունեն»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրական խնդիրը սա է, և խնդրի լուծման մոտեցումը պետք է հենց այս տեսակետից լինի։
Հովհաննիսյանը կառավարությանն առաջարկեց նաև, որ լեզվի մասին օրենքում փոփոխություններ չիրականացնեն։ «Մենք չգիտենք, թե հաջորդ ընտրություններին ովքեր են գալու իշխանության։ Իմ սիրելի հանրապետական ընկերներ, ես կարծում եմ, որ դուք չեք մտածում, որ շարունակ մնալու եք իշխանության։ Մենք չենք կարող կանխատեսել՝ ինչ քաղաքական ուժ կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը, ինչպես նաև չենք կարող կանխատեսել, թե այդ հիպոթետիկ քաղաքական ուժը ինչպես կօգտագործի օրենքի այդ սողանցքը։ Ուստի առաջարկում եմ օրենքում փոփոխություն չկատարել։ Եթե այս ուղղությամբ որևէ փոփոխություն չարվի, «Դաշնակցություն» խմբակցությունը «դեմ» է քվեարկելու նախագծին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։










