Ռուբեն Կարապետյանը Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի հետ քննարկել է ԼՂ հարցը
Հունիսի 22-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, հայ-իտալական առնչությունների հարուստ պատմության հանրայնացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է համագործակցության մակարդակի բարձրացումը ներդրումային և մշակութային խոշոր ծրագրերի, ինչպես նաև փոխայցելությունների իրականացմամբ:
Այնուհետև դեսպան Ռուբեն Կարապետյանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի ներկայիս իրավիճակը` մանրամասն անդրադարձ կատարելով ադրբեջանական վերջին հարձակմանը:
Ջիանֆրանկո Ֆինին իր հերթին նշել է Իտալիայի հավասարակշիռ մոտեցումը հիմնախնդրի նկատմամբ` ընդգծելով «խորհրդային ծանր ժառանգության» փաստն ու հայկական կողմի խոհեմ և հետևողական քաղաքականությունը արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Պատգամավորների պալատի նախագահը բարձր է գնահատել հայկական դիվանագիտությունը, որին հաջողվել է «Հայաստանի համար առավել շահեկան դիրք և վստահելի գործընկերոջ համբավ ապահովել միջազգային ասպարեզում»:
Հայաստանի դեսպանը վերահաստատել է Ջիանֆրանկո Ֆինիին Հայաստան ացելելու հրավերը` հույս հայտնելով, որ այն զգալի խթան կհանդիսանա հարաբերությունների զարգացման համար:










