Անկախության 20 տարիների ընթացքում մենք հասցրեցինք դառնալ հետամնաց երկիր. Արա Նռանյան

12:47 • 23.06.10

Ազգային ժողովի պատգամավորներն այս պահին քննարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Օրենքն ԱԺ բերելը հնարավորություն տվեց, որ քննարկենք հանրակրթական ոլորտն ու վեր հանենք այնտեղ առկա միշարք խնդիրներ։ Ոմանք հասարակության կրթական ցածր մակարդակը պայմանավորեցին հենց հանրակրթության ոլորտում առկա խնդիրներով, ոմանք փորձեցին արդարանալ, ոմանք էլ մեղադրեցին ուրիշներին։ Սակայն խնդիրը ոչ թե հանրակրթական ոլորտն է, այլ հասարակությունը»,- ասաց «ՀՅԴ» խմբակցության անդամ Արա Նռանյանը՝ հավելելով, որ հայ հասարակությունում այսօր գիտելիքը հարգի չէ։

Նռանյանը նշեց, որ Հայաստանում աշխատանք կարող է գտնել ոչ թե լավ որակավորում ունեցող մասնագետը, այլ նա, ով «վերևներում խնամի, ծանոթ, բարեկամ ունի»։

«Մեղավորը մենք ենք, որ ձևավորել ենք հասարակություն, որտեղ կրթությունը արժեք չունի։ Անկախության 20 տարիների ընթացքում մենք հասցրեցինք դառնալ հետամնաց երկիր։ Եվ պատկերը փոխելու համար անհրաժեշտ է ոչ թե օրենքի, այլ հասարակության ընկալման փոփոխություն»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը։

Անկախության 20 տարիների ընթացքում մենք հասցրեցինք դառնալ հետամնաց երկիր. Արա Նռանյան