«32 ատամին» ռեբրենդինգ է սպասվում (տեսանյութ)
Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե «32 ատամ» ակումբը ցրվել է։ Լրատվամիջոցներն ամեն կերպ փորձում էին տարբեր աղբյուրներից ճշտել այդ լուրերի իսկությունը, սակայն ակումբի անդամները խուսափում էին մեկնաբանությունից։ Լրագրողների հարցերին «ատամնաբույժները» պատասխանեցին այսօր հրավիրված ասուլիսին։ Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «32 ատամ» ծրագիրը վերջին մեկ ամսվա ընթացքում չի նկարահանվում։
Ինչպես նշեց ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, խումբն սկսել է ընկերությունից և շարունակում է ընկերություն անել։ «Խումբն այսօր չի ցրվել։ Դրա պատասխանը դուք տեսնում եք ձեր առջև», – պարզաբանեց նա՝ ցույց տալով ասուլիսի մասնակիցներին։
Միաժամանակ, նա նշեց, որ ակումբից բացակայում է երկու հոգի՝ Կարեն Բաբաջանյանը և Վահագն Գրիգորյանը։ Ըստ Գարիկի՝ նրանք «32 ատամ պրոդաքշնի» մասն են կազմում, իսկ ակումբն առանձին է։ Այս համատեքստում նա նշեց, որ «տարաձայնություն, կռիվ չի եղել, եղել է շատ առողջ բաժանում»։ Գարիկը հավելեց, որ Կարեն Բաբաջանյանը, որը նախկինում խմբի պրոդյուսերն էր, այժմ զբաղվում է ուրիշ ոճի ծրագրերի, այդ թվում՝ «Մեր բակը» սերիալի պրոդյուսերությամբ։
Գարիկը տեղեկացրեց նաև, որ խմբի նոր պրոդյուսերն ինքն է, իսկ տնօրենը՝ Վալերի Սահակյանը։
Իր հերթին, նոր տնօրենը տեղեկացրեց, որ կազմակերպաիրավական առումով ակումբը դարձել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի միջոցով կիրականացվեն բոլոր նախագծերը։
«Ինչ վերաբերում է նոր բրենդին, այսօր մենք դրա խնդիրը չունենք, քանի որ, ինչ բրենդ էլ մենք այսօր ձեզ ներկայացնենք, միևնույն է, դուք առնվազն մի քանի ամիս մեզ ասելու եք «32–ի տղաներ»։ Ժամանակի ընթացքում, կախված պրոդուկտից, կձևավորվի նաև նոր բրենդը», – ասաց տնօրենը։
Սահակյանը չբացառեց, որ նախկին անվանումով խումբը հանդես կգա համերգային տարբերակով։










