«Օրանժի» ցանցում ինտերնետի արագությունը կարող է հասնել 14,4 ՄԲ/վրկ
«Օրանժ Արմենիան» Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում երկու նորամուծություն է ներդնում։ Այսօր կայացած ասուլիսին «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ Օլաֆ Սուանտին տեղեկացրեց, որ առաջին նորամուծությունը HD որակով ձայնային ծառայություններն են։ Այս ծառայության ներդրմամբ Հայաստանը երկրորդն է աշխարհում և զիջում է միայն «Օրանժ Մոլդովային»։ Սուանտին նշեց, որ այս տարի «Օրանժը» HD որակով ձայնային ծառայությունը նախատեսում է ներդնել Մեծ Բրիտանիայում և Բելգիայում։
Նորամուծության շնորհիվ բաժանորդները կունենան բարձր հստակության ձայն, այսինքն՝ հեռախոսային խոսակցություն ժամանակ բաժանորդների մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք գտնվում են նույն վայրում։
Ասուլիսի ժամանակ «Օրանժ Արմենիան» առաջին անգամ HD ձայնով հնչեցրեց Կոմիտասի «Լորիկը»։ HD որակով ձայնային ծառայություններ հնարավոր է իրականացնել բջջային հատուկ հեռախոսով, որն ունի այդ հնարավորությունը։ Այս հեռախոսը «Օրանժ Արմենիան» արդեն վաճառում է իր խանութներում։
Երկրորդ նորամուծությունը կապված է 3G+ ցանցի հզորացման արդյունքում ինտերնետ ծառայությունների արագությունների շեշտակի բարձրացման հետ։ «Ցանցն այժմ նախապատրաստվում է ինտերնետի նոր հեղափոխության՝ նոր մոդեմների, որոնք բաժանորդներին հասանելի կլինեն շուտով և համատեղելի կլինեն մինչև 14,4 Մբ/վրկ առավելագույն արագություն ապահովող HSPA տեխնոլոգիաների հետ»,- ասաց նա։
Սուանտին նշեց, որ «Օրանժ Արմենիան» «Ֆրանս Տելոկոմ» խմբի համար նորարարությունների դարբնոց է, որի կուտակած փորձը կարող է հաջողությամբ կիրառվել անգամ գերզարգացած շուկաներում։










