Երևանում մեկ շաբաթ շարունակ ջազ կհնչի
«Ոսկե ծիրան» երևանյան 7-րդ միջազգային կինոփառատոնի մշակութային ծրագրի գլխավոր իրադարձություններից է լինելու ջազային խմբերի «Ջազ-կինո» մրցույթը։ Ինչպես ասօրվա ասուլիսին տեղեկացրեց փառատոնի ծրագրերի ղեկավար Վարդան Հակոբյանը, ջազ փառատոնը կանցկացվի փառատոնի օրերին` հուլիսի 11-17-ը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։
«Ամեն օր երեկոյան ժամերին հանդես կգան հայկական ջազային համույթներ», – ասաց նա՝ հավելելով, որ փառատոնը կանցկացվի մրցութային կարգով, նախատեսված են դրամական մրցանակներ, մրցանակային ֆոնդը կազմում է 6000 դոլարին համարժեք դրամ։
«Ոսկե ծիրանի» հետ համատեղ անցկացվող մրցույթի կազմակերպիչն է հայ ջազի անվանի վարպետ Լևոն Մալխասյանը, ով նաև պրոֆեսիոնալ ժյուրիի նախագահն է:
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 11–18–ը։










