Մեդվեդևը բոյովացել է. Լուսանկարիչները նրան հասցրել են «տերմինատորին»

09:54 • 25.06.10

Հունիսի 23-ին սկսվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը ԱՄՆ։ Առաջին քաղաքական գործիչը, որին նա հանդիպել է այցի շրջանակում, եղել է Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ Մամուլում հանդիպման պաշտոնական լուսանկարների հրապարակումից հետո պարզվել է, որ Մեդվեդևը, որին կարճահասակության համար կատակով «նանոնախագահ» են անվանում, գրեթե «Երկաթե Առնիի» հասակին է. իրականում Շվարցենեգերը մոտ 23 սմ-ով բարձր է Մեդվեդևից։

Ռուսական լրատվամիջոցները պարզել են, թե ինչ հնարքների միջոցով է Մեդվեդևը կարողացել հասնել նման նախանձելի արդյունքի։ Պարզվում է՝ Ռուսաստանի առաջնորդի զգեստապահարանում հատուկ տեղ են զբաղեցնում բարձր կրունկներ ունեցող կոշիկները (5-6 սմ-ից ոչ ցածր)։ Բացի այդ՝ չի բացառվում, որ դրանցում կա գաղտնի մեկ այլ կրունկ (2-3 սմ բարձրությամբ)։ Այդպիսով` ստացվում է՝ Մեդվեդևի հասակը ոչ թե 162 սմ է, այլ 170 սմ։

Որպեսզի պատրանք ստեղծվի, թե Մեդվեդևը ոչնչով չի զիջում «տերմինատորին», հատուկ հմտություններ են պահանջվել նաև լուսանկարիչներից։ Ժամանակին և՛ Բորիս Ելցինին, և՛ Վլադիմիր Պուտինին լուսանկարած Կոնստանտին Կուցիլոյի խոսքով՝ նախագահականում նախընտրում են աշխատանքի վերցնել ցածրահասակ լուսանկարիչների, քանի որ նրանց համար ավելի հեշտ է նախագահին լուսանկարել առավել ցածր դիրքից, որպեսզի լուսանկարում վերջինս ավելի բարձրահասակ երևա, քան իրականում է։ Բացի այդ` միևնույն հասակ ունենալու օպտիկական պատրանք է առաջանում նաև այն դեպքում, եթե Մեդվեդևն ավելի մոտ է կանգնում Շվարցենեգերին։

Որոշ մասնագետներ կարծում են, որ ներկայում Մեդվեդևն ակտիվ և արդյունավետ աշխատում է իր իմիջի վրա. այժմ նա առավել ինքնավստահ է թվում, քան նախագահության սկզբում։

Ի դեպ, Ռուսաստանի նախագահը միակը չէ, որ այդքան անհանգստանում է իր հասակի ու գործած տեսողական տպավորության համար։ Հասակի հետ կապված բարդույթներով հայտնի է նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին. վերջինս ունի անձնական կոշկագործ, որը նրա համար գաղտնի միջատակով կոշիկներ է պատրաստում, ինչը մինչև 9 սմ-ով ավելի բարձրահասակ է դարձնում Սարկոզիին։
Բացի այդ` նա ձգտում է իրեն շրջապատել իր հասակի մարդկանցով, որպեսզի կարճահասակ չթվա։ Վերջերս պարզվել է, որ նա գաղտնի արգելել է իր թիկնախմբում աշխատանքի ընդունել բարձրահասակ տղամարդկանց։ Հասակի հետ կապված` Սարկոզիի կյանքում նմանատիպ այլ դեպքեր էլ են հայտնի։

Հատկանշական է, որ ներկայում աշխարhի ամենացածրահասակ ղեկավարի տիտղոսին հավակնում է հենց Մեդվեդևը. ըստ լրատվամիջոցների՝ նրա հասակը 162 սմ է։ Նախքան այդ «նանոնախագահի» կոչումը պատկանում էր Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Իրին (162 սմ-ից փոքր-ինչ բարձր)։

«Կապիտալ» օրաթերթը տեղեկացնում է, որ համաշխարհային մակարդակով ամենացածրահասակ նախագահը եղել է Բենիտո Խուարեսը, որը հինգ անգամ զբաղեցրել է Մեքսիկայի նախագահի պաշտոնը. նրա հասակը եղել է 135 սմ։ 1932-1934 թթ. Ավստրիայի կանցլեր Էնելբերտ Դոլֆուսի հասակը 148 սմ է եղել։ Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնը 150 սմ հասակ է ունեցել։ Պաղեստինի ազատագրության կազմակերպության հիմնադիր Յասեր Արաֆաթն ունեցել է 155 սմ, Նիկիտա Խրուշչովը՝ 158 սմ հասակ։ Որոշ պատմաբաններ վստահեցնում են, որ Նապոլեոն Բոնապարտի հասակն իրականում ոչ թե 155 սմ, այլ 165 սմ է եղել:

Մեդվեդևը բոյովացել է. Լուսանկարիչները նրան հասցրել են «տերմինատորին»