Կողմ են հայկական երգերը թուրքերին վաճառելուն, եթե խոսքը թափոնի մասին է
Թուրքական «Յունիվերսալը» դիմել է «Հայ հեղինակ» ՀԿ–ին՝ ցանկություն հայտնելով գնել հայկական էստրադայի հայտնի ներկայացուցիչների երգերը։ Նշենք, որ «Հայ հեղինակն» այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանում։ Այսօր այս թեմայի շուրջ խոսեցին Ռուբեն Հախվերդյանը և «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը։
Հախվերդյանի խոսքով՝ դա մշակույթի փոխներգործություն է, ինչը վատ չէ, իսկ Թուրքիայի մտադրության մեջ նա «ոչ մի կրիմինալ» չի տեսնում։
Հախվերդյանը նաև նկատեց, որ երգերը փոխառելիս՝ լեզվական կառուցվածքի խնդիրներ են առաջանում։ «Երբ մերոնք երգեր են գողանում, բառերը կաղում են, սխալ շեշտադրում են օգտագործում», – ասաց նա։
Իր հերթին, Դանիել Երաժիշտը նշեց, որ հարկավոր է հասկանալ, թե որն է այդ ամենի նպատակը։ Երաժիշտը պատրաստ է կիսվել հարևանների հետ հայկական երգարվեստով, եթե խոսքն էստրադայի մասին է։
«Տարե՛ք, տարե՛ք։ Թող տանեն թափոնները, լավ ծառայություն կմատուցեն», – նշեց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կվերաբերվեն այդ նախաձեռնությանը երաժիշտները, եթե խոսքը Արամեի կամ, ասեն, Սիլվա Հակոբյանի երգերի մասին լինի։
Միաժամանակ, նա հավելեց, որ թուրքերը միշտ էլ գողացել են հայկական երգերը. «Իսկ հիմա ի՞նչ է պատահել, որ թույլտվություն են հարցնում»։










