Ատոմ Էգոյանն իր 50 ամյակը կնշի Երևանում
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Ատոմ Էգոյանն իր 50-ամյակը կնշի Երևանում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
Ըստ Խաչատրյանի՝ այդ կապակցությամբ փառատոնի շրջանակում կկազմակերպվի Էգոյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ Կանադահայ ռեժիսորի ստեղծագործությունների սիրահարները հնարավորություն ունեն դիտելու «Հարազատներ», «Ընտանեկան դիտում», «Օրացույց», «Էկզոտիկա», «Ֆելիսիայի ուղևորությունը», «Լուսավոր գալիք» և «Ապահովագրական գործակալը» ֆիլմերը։
Բացի դրանից, կկազմակերպվի հոբելյանական ընդունելություն։ Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ փառատոնն Ատոմ Էգոյանին ներկայացրել է կառավարական պարգևի, բացի դրանից, կհրատարակվի ռեժիսորի մասին պատմող գիրք։
Կահիրեում ծնված և Վիկտորիայում (Արևմտյան Կանադա) հասակ առած Էգոյանը 18 տարեկանում տեղափոխվել է Տորոնտո և միջազգային հարաբերություններ ուսումնասիրել տեղի համալսարանում։ Ուսման տարիներին Հայաստանի պատմության և քաղաքականության իր իմացությունը խորացնելուն զուգընթաց` Էգոյանը Hart House Film Board-ում նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր:
1990-ականների կեսին նրա ֆիլմերը ներկայացնում են ժամանակակից մտահոգություննների ավելի խոր հետազոտություն. «Օրացույցը» (1993)` կոշտ ու միաժամանակ քնքուշ մի աշխատանք, պայքար է կանադացու և հայի ինքնությունների միջև: «Էկզոտիկա»-ով (1994), որը թերևս տեղին բնորոշում է Էգոյանի ամբողջ գործունեության համար, նախնական ցավը (Հայոց ցեղասպանությունը) տեղափոխվում է տանջալից հոգևոր տիրույթի ավելի ինտիմ տարածք: «Լուսավոր գալիքը» (1997) և «Ֆելիսիայի ուղևորությունը» (1999), համապատասխանաբար` Ռասել Բարքսի և Ուիլյամ Թրևորի վեպերի էկրանավորումները, հեշտությամբ շաղկապվում են Էգոյանի նախասիրություններին, քանի որ երկու պատմությունների ներփակ աշխարհներն էլ արծարծում են կորստի և բռնության թեմաները:
«Արարատ»-ը (2002) Էգոյանը նկարահանել է որպես 1915թ. Հայոց ցեղասպանության իրողության և ժխտման դեմ պայքարող ֆիլմ:










