Փողային գործիքների հնչյունները Երևանյան այգիներում կվերականգնվեն
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ներկայումս ընթանում է փողային նվագախմբերի ձևավորման գործընթացը: 6 վարչական շրջաններում արդեն գործում են փողային նվագախմբեր:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետի նախաձեռնությամբ և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել նոր փողային նվագարաններ: Երեկ Մանկական զբոսայգում Երևանի քաղաքապետն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահը փողային նվագարանները հանձնել են մշակութային օջախներին:
«Փողային նվագախմբերի հնչյունների պակասը Երևանյան այգիներում շատ էր զգացվում»,- իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանն ավելացնելով, որ քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ Երևանում վերականգնվեն բոլոր այն ավանդույթները, որոնք յուրօրինակ գույն ու երանգ էին հաղորդում քաղաքի հոգևոր կյանքին:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահը նշել է, որ բոլոր այն բակերում, որտեղ քաղաքապետարանի հետ համագործակցությամբ խաղահրապարակներ են ձևավորվել, կտրուկ նվազել է ծխող և կարգազանց երեխաների թիվը:










